Հայաստանում մեկնարկել է միգրացիայի ոլորտում իրականացվող «Թվինինգ» ծրագիրը

Այսօր Հայաստանում մեկնարկել է միգրացիայի ոլորտում իրականացվող Եվրամիության «Թվինինգ» ծրագիրը, որի կապակցությամբ Երևանում էր Շվեդիայի միգրացիայի և ապաստանի քաղաքականության նախարար Թոբիաս Բիլսթրոմին: Նրան ընդունել է  ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

«Միգրացիոն քիչ թե շատ ակտիվ գործընթացներ մշտապես տեղի են ունեցել հայ իրականության մեջ: Սակայն վերջին երկու տասնամյակում միգրացիոն հոսքերը գրանցեցին աննախադեպ մեծ ծավալներ ու որակական առանձնահատկություններ: Արդյունքում այդ երևույթն առանձնացավ բնականոն գործընթացների շարքից` վերածելով մեր հասարակության համար լուրջ մարտահրավերի:

Հանրապետությունում բնակչության միգրացիայի կարգավորումը մշտապես գտնվել է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, իսկ վերջին 3 տարիների ընթացքում կառավարությունն այս բնագավառում իրականացնում է հետևողական աշխատանք»,- իր բացման խոսքում նշել է Արմեն Գևորգյանը:

Կողմերն ադյունավետ են համարել վերջին տարիներին երկու երկրների աշխատանքները ինչպես «ՀՀ կառավարության և Շվեդիայի Թագավորության կառավարության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի, այնպես էլ Եվրամիության Շոդերկոպինգի գործընթացի շրջանակում: Երկուստեք գոհունակություն է հայտնվել, որ համագործակցությունը շարունակվելու է նաև «Թվինինգ» ծրագրի շրջանակում, որը ԵՄ կողմից իրականացնելու է շվեդ-լեհական կոնսորցիումը:

«Թվինինգը» ուղղված է Հայաստանում միգրացիայի և ապաստանի կառավարման համակարգի բարելավմանը` Միգրացիոն պետական ծառայության ինստիտուցիոնալ ամրապնդման միջոցով: Հիմնական բաղադրիչներից են օրենսդրական դաշտի ներդաշնակեցումը ԵՄ չափանիշներին, միգրացիայի հարցերով գործառույթներ ունեցող մարմինների աշխատանքի արդյունավետ համակարգումը, միգրացիայի և ապաստանի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ներդրումը: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը, տևողությունը 27 ամիս է: