ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովը քննարկել է փախստականների բնակարանների սեփականաշնորհման հարցը

Այսօր ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Հակոբ Հակոբյանի նախագահությամբ, քննարկվել է կառավարության հեղինակած «1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, հաղորդում են ԱԺ-ի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Օրենքով  առաջարկվում է երկարաձգել բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին դիմումի ներկայացման ժամկետը մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը:

Հանձնաժողովը քննարկել է նաև կառավարության հեղինակած օրենքի մի շարք այլ նախագծեր ևս: Նշվել է, որ օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում կլուծվեն օրենսդրական  դաշտում առկա խնդիրները և տարբեր օրենսդրական ակտերում եղած հակասությունները, ինչն էլ կնպաստի կենսաթոշակային բարեփոխման ընթացքին:

Օրենքի նախագծերը դրական եզրակացություն են ստացել` ընդգրկվելու  ԱԺ հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի և սեպտեմբերի 10-13-ի  քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: