Այսօր ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Հակոբ Հակոբյանի նախագահությամբ, քննարկվել է կառավարության հեղինակած «1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, հաղորդում են ԱԺ-ի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Օրենքով առաջարկվում է երկարաձգել բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին դիմումի ներկայացման ժամկետը մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը:
Հանձնաժողովը քննարկել է նաև կառավարության հեղինակած օրենքի մի շարք այլ նախագծեր ևս: Նշվել է, որ օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում կլուծվեն օրենսդրական դաշտում առկա խնդիրները և տարբեր օրենսդրական ակտերում եղած հակասությունները, ինչն էլ կնպաստի կենսաթոշակային բարեփոխման ընթացքին:
Օրենքի նախագծերը դրական եզրակացություն են ստացել` ընդգրկվելու ԱԺ հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի և սեպտեմբերի 10-13-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: