Չինաստանը կողմ է Սիրիայում խաղաղ իշխանափոխությանը

Չինաստանը պաշտոնապես հանդես է եկել՝ ի աջակցություն Սիրիայում քաղաքական իշխանության փոփոխման, սակայն դեմ է օտարերկրյա ինտերվենցիային, հաղորդում է Ruters-ը։ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ Պեկինում ունեցած բանակցություններից հետո Չինաստանի արտգործնախարար Յան Ձիեչին մասնավորապես հայտարարել է․ «Մենք, ինչպես և շատ այլ երկրներ, լիովին պաշտպանում ենք Սիրիայում իշխանության խաղաղ փոխանցման գաղափարը»։

Ընդ որում՝ Ձիեչին ընդգծել է իր երկրի դիրքորոշումը․ «Ցանկացած որոշում պետք է ընդունի սիրիացի ժողովուրդը, և այն պետք է արտացոլի նրա օրինական ցանկությունները։ Արտաքին որևէ ճնշում այստեղ չպետք է լինի»։

Չինաստանի իշխանությունները դեռ հունիսի 30-ին հայտարարել էին, որ սիրիական ճգնաժամի հնարավոր լուծումներից մեկը կարող է դառնալ ժամանակավոր կառավարության ձևավորումը Սիրիայի գործող վարչակարգի հակառակորդներից ու կողմնակիցներից։ Այդպիսի կառավարությունը պետք է նախապատրաստեր ազատ ընտրությունների անցկացում։

Ընդ որում՝ Պեկինը այդ ժամանակ, ինչպես և այժմ, դեմ էր հանդես եկել լիբիական սցենարի կրկնությանը, երբ ապստամբները արտաքին ուժերի օգնությամբ տապալեցին իշխող վարչակարգը։

Հիշեցնենք, որ սիրիական ճգնաժամը շարունակվում է անցյալ տարվա մարտից։

Մեկնաբանել