Ասադի հակառակորդները միավորվում են․ FT

Սիրիական ընդդիմության առաջնորդները Թուրքիայում բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել քաղաքական ու ռազմական նոր շարժման՝ Սիրիայի ազգային բանակի ստեղծման շուրջ․ այն պետք է փոխարինի Սիրիայի ազատ բանակին, գրում է բրիտանական Financial Times պարբերականը։

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Սիրիայի ազգային բանակը գլխավորել է անցյալ ամիս Սիրիայից փախած ազդեցիկ գեներալ Մուհամադ Հուսեյն Հաջ Ալին։

«Միասնության ավելի բարձր մակարդակի նոր խթան է տրվել Արևմուտքի՝ սիրիական ընդդիմության շարքերում պառակտման ու գումարների և սպառազինությունների՝ ծայրահեղականների ձեռքում հայտնվելու հնարավորության վերաբերյալ ավելացող մտահոգության պայմաններում,- գրում է պարբերականը։ – Արևմուտքի ռազմական փորձագետները վստահեցնում են, որ ընդդիմադիր ուժերը շարունակում են իրենցից ներկայացնել տարանջատ խմբավորումներ՝ առանց անհրաժեշտ կարգապահության և հրամանատարական կառուցվածքի»։

Սիրիայի ազգային բանակի ստեղծումը կոչված է լուծելու տվյալ խնդիրը, նշում են Լոնդոնում։

Միաժամանակ Լոնդոնին զինվորական շրջանակներից հայտնի է դարձել, որ թուրքական բանակի սպաները ստանձնել են սիրիական ընդդիմության՝ ներկայում Հալեպից հյուսիս-արևմուտք ընկած տարածքում, ինչպես նաև Իդլիբ նահանգի հյուսիսում կառավարական զորքերի դեմ մարտնչող երկու ջոկատների հրամանատարությունը։ Ընդ որում՝ բրիտանական զինվորական շրջանակներում հստակեցնում են, որ թուրք սպաները Սիրիայի տարածքում չեն և իրենց աշխատանքը կատարում են Ղազիայնթափ քաղաքում տեղակայված շտաբից։