Մրցակցության ոլորտը բնութագրող երեք ցուցանիշով Հայաստանն առաջընթաց է արձանագրել. Ա. Շաբոյան

Մրցունակության համաշխարհային զեկույցի «Գերիշխող դիրքերի ազդեցությունը մրցակցության վրա» ցուցանիշի համաձայն՝ Հայաստանը ամենամեծ աճն է արձանագրել 144 երկրների շարքում, այսինքն` 43 կետով առաջ է գնացել, կառավարության՝ այսօր կայացած հերթական նիստին Մրցունակության համաշխարհային զեկույցը մեկնաբանել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, հաղորդում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բացելով նիստը՝ վարչապետն անդրադարձել է այս զեկույցին, ըստ որի՝ Հայաստանը 144 երկրների շարքում զբաղեցրել է 82-րդ տեղը՝ անցած տարվա համեմատ բարելավելով իր դիրքերը 10 կետով: Նրա հանձնարարությամբ պարզաբանումներ է ներկայացրել նաև Արտակ Շաբոյանը:  

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ Մրցունակության համաշխարհային զեկույցում երեք ցուցանիշներ առանձնացվել են մրցակցության ոլորտը բնութագրելու համար: «Առաջին ցուցանիշը գերիշխող դիրքերի ազդեցությունն է մրցակցության վրա: Ասեմ, որ այս ցուցանիշի գծով մենք բավականին լուրջ առաջընթաց ենք արձանագրել. 43 կետով առաջ ենք գնացել: Երբ համեմատում ենք այլ երկրների հետ, ապա մեր հարևան Վրաստանն 9 կետով ետ է գնացել, Ռուսաստանը`6, ԱՊՀ շատ երկրներ ևս հետընթաց են արձանագրել այս ցուցանիշի գծով: Համեմատելով Արևելյան Եվրոպայի երկրների հետ, ապա շատ երկրներ կրկին հետընթաց են արձանագրել, մասնավորապես, ամենամեծ հետընթացն արձանագրել է Հունգարիան` 29 կետով: Ասեմ, որ 144 երկրների շարքում ամենամեծ աճն արձանագրել ենք մենք, այսինքն` 43 կետով մենք առաջ ենք գնացել»,- ասել է Շաբոյանը:

Անդրադառնալով երկրորդ ցուցանիշին, որը վերաբերում է հակամենաշնորհային քաղաքականության ուժեղությանը և հակամենաշնորհային մարմնի գործունեության արդյունավետությանը՝ ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ այս ցուցանիշով Հայաստանն առաջ է գնացել 23 կետով, այն դեպքում, երբ Վրաստանն ու Ադրբեջանը հետընթաց են արձանագրել: «Ամենամեծ հետընթացն ԱՊՀ երկրների շարքում գրանցել է Ռուսաստանը, որը 13 կետով հետ է գնացել, Արևելյան Եվրոպայի շատ երկրներ ևս հետընթաց են արձանագրել: Ամենամեծ հետընթացն ունեցել է Ռումինիան` 23 կետով:

Երրորդը ներքին շուկային մրցակցության ինտենսիվության ցուցանիշն է: Այս գծով մենք 9 կետով ենք առաջ գնացել: Ճիշտ է, մեր հարևաններ Ադրբեջանն ու Վրաստանն առաջընթաց ունեցել են, բայց փոքր չափերով: Այսինքն 1 կամ 2 կետով է եղել առաջընթացը: Մրցակցության այս 3 ցուցանիշների գծով նախորդ տարիներին Հայաստանն այս զեկույցում մշտապես հետընթաց է ունեցել»,- ասել է Շաբոյանը՝ հավելելով, որ սա առաջին տարին է, որ այս ցուցանիշների գծով Հայաստանն առաջընթաց է արձանագրել:

ՏՄՊՊՀ նախագահը հիշեցրել է, որ այս ուսումնասիրության արդյունքները հիմնվում են հիմնականում հարցման արդյունքների վրա, որոնք անցկացվում են միջազգային կազմակերպությունների կողմից գաղտնի կերպով և գործարարների շրջանում: