Բյուջեի կատարումը եկամուտների մասով ընթանում է ըստ ծրագրվածի. Ֆինանսների նախարար

Այս տարվա ութ ամիսներին հավաքագրվել է բյուջեի 101 մլրդ լրացուցիչ հարկերի 40,5%-ը: Բայցևայնպես ֆինասների նախարար Վաչե Գաբրիելյանը վստահեցնում է, որ բոլոր հիմքերը կան պնդելու, որ բյուջեի կատարումը եկամուտների մասով իրատեսական է և կկատարվի:

Այս տարվա ութ ամիսներին պետական բյուջեն ունեցել է 576,2 մլրդ դրամի եկամուտ, այդ թվում հարկեր, տուրքեր և սոցվճարներ` 552,1 մլրդ: Այս մասին կառավարության նիստին այսօր հայտարարել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։ «Մեր նախանշած ցուցանիշների համեմատ հունվար-օգոստոսի արդյունքները գերազանցում են շուրջ 4 միլիարդ դրամով: Միայն օգոստոսին ունենք 390 մլն դրամի հարկերի և տուրքերի գերակատարում` նախանշած ցուցանիշների համեմատ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այս արդյունքները համապատասխանում են տնտեսական ակտիվությանը, այսինքն՝ չորրորդ եռամսյակում մուտքերը կլինեն ավելի բարձր:

Ըստ նրա՝ բյուջեի կատարումը եկամուտների մասով ընթանում է ըստ ծրագրվածի, և բոլոր հիմքերը կան պնդելու, որ այն իրատեսական է և կկատարվի: «Ինչ վերաբերում է ծախսերին, ապա հունվար-օգոստոսին դրանք եղել են Դ574,148 մլրդ դրամ, ընդ որում, օգոստոսին` Դ72,232 մլրդ դրամ: Այս տեմպերով շարունակելու դեպքում մեզ մոտ դեֆիցիտը կլինի ավելի ցածր, քան պլանավորված էր»,- ասել է նախարարը՝ հավելելով, թե նախատեսված Դ132 մլրդ դրամից պետբյուջեի դեֆիցիտը մի քանի տասնյակ միլիարդով տարեվերջին ավելի ցածր կլինի:

«Այսպիսով, բյուջեի կատարողականի տեսակետից կարող ենք փաստել, որ չվճարված ստանձնած պարտավորություն գոյություն չունի, միևնույն ժամանակ, եկամուտների հավաքագրումն ընթանում է ըստ սցենարի` մի փոքր գերակատարումով»,- եզրափակել է նախարարը:

Նշենք, որ ըստ նախարարի տվյալների՝ օգոստոսին հարկային եկամուտների հավաքագրման մակարդակը կազմել է Դ75,4 մլրդ, ինչը անցած տարվա նույն ամսվա համեմատ աճել է 8,5 մլրդ-ով։ Ըստ նախարարի տվյալների՝ ստացվում է, որ այս տարվա ութ ամիսներին բյուջեի հիմքում դրված 101 մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտներից հավաքագրվել է 41,1 մլրդ-ը, իսկ մնացած 60 մլրդ դրամը անհրաժեշտ է լինելու հավաքագրել վերջին չորս ամիսների ընթացքում։ Դա նշանակում է, որ ամսական կտրվածքով հարկահավաքումը պետք է ավելանա Դ15 մլրդ-ով: Սա այն դեպքում, երբ առաջին կիսամյակի կատարողականը հաշվի առնելով՝ երկրորդ կիսամյակում ամսական կտրվածքով նախորդ տարվա համեմատ պետք է հավաքագրվի միջինը հավելյալ Դ13,4 մլրդ:

Մեկնաբանել