Հունաստանի նախագահը խնդրում է կրճատել իր աշխատավարձը

Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասը ֆինանսների նախարարությանը խնդրում է կրճատել իր աշխատավարձն ու թոշակը, տեղեկացրել է երկրի ֆինանսների փոխնախարար Քրիստոս Ստայկուրասը խորհրդարանի բյուջետային հանձնաժողովի նիստին։

Պետության ղեկավարը նաև առաջարկել է կրճատել Հունաստանի բոլոր նախկին նախագահների թոշակները, ինչը պետբյուջեին թույլ կտա խնայել տարեկան €350 հազ․, հաղորդում է հունական «Սքայ» հեռուստաալիքը։

Հունաստանի նախագահին ընտրում է խորհրդարանը, և նա հիմնականում արարողակարգային գործառույթներ է կատարում, իսկ գործադիր իշխանությունը պատկանում է վարչապետին։

Պապուլյասի կարծիքով՝ պետության ղեկավարի աշխատավարձը պետք է կրճատվի նախարարների ու պետական այլ ծառայողների աշխատավարձերի կրճատման հետ մեկտեղ։

Մինչդեռ Հունաստանի ֆինանսների նախարարը փետրվարին նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Պապուլյասը հրաժարվել է աշխատավարձից՝ ճգնաժամի պայմաններում երկրին աջակցելու համար։ Այդ ժամանակ հաղորդվել էր, որ նախագահի աշխատավարձը ամսական €23 հազ․ է կամ տարեկան €278,4 հազ․, իսկ հարկերի վճարումից հետո նա ստանում է €192 հազ․։ Այժմ, ինչպես ենթադրում են լրատվամիջոցները, կսահմանվի պետության ղեկավարի աշխատավաձի նոր չափ։

Հունաստանը, պայմանավորված ճգնաժամով, կտրուկ կրճատում է պետական ծախսերը, մասնավորապես՝ աշխատավարձերը և թոշակները։ Աթենքը բարդ բանակցություններ է իրականացնում Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ Հունաստանի (որը 2010-ից լիովին կախված է արտաքին ֆինանսավորումից) ֆինանսական օգնության շարունակման վերաբերյալ։

Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը իր վարչապետության հենց սկզբից կրճատել է նախարարների աշխատավարձերը 30%-ով։ Սամարասը նաև փակել է երկրի կառավարությանը կից բոլոր հատուկ հանձնաժողովներն ու քարտուղարությունները, որոնք պետությանը զգալի գումար էին արժենում, առավելագույնս սահմանափակել է նախարարների՝ ծառայողական ավտոմեքենաների օգտագործումը, իր նստավայրում փակել է աշխատակազմի ծառայողների համար ռեստորանը, որի համար տարեկան հատկացվում էր €63 հազ․։

Մեկնաբանել