Պակիստանը վտարում է Save the Children-ի օտարերկրացի աշխատակիցներին

Պակիստանի կառավարությունը Save the Children միջազգային կազմակերպության բոլոր օտարերկրացի աշխատակիցներից պահանջել է լքել երկիրը մեկ շաբաթվա ընթացքում, գրում է բրիտանական The Guardian պարբերականը։ Պակիստանի իշխանությունները վստահեցնում են, որ կազմակերպության՝ Ուսամա բեն Լադենի չեզոքացման գործողության ընթացքում ամերիկյան հատուկ ծառայություններին օգնելու ապացույցներ ունեն։ Save the Children-ը և ԱՄՆ-ի կառավարությունը կտրականապես հերքում են կազմակերպության և Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կապը։

Օտարերկրացի աշխատակիցներին կասկածում են ամերիկացիների՝ պակիստանցի բժիշկ Շաքիլ Աֆրիդիի հետ հանդիպումն ապահովելու մեջ։ Պակիստանի հետախուզության տվյալներով՝ Աֆրիդին կազմակերպել է Աբոտաբադի (որտեղ թաքնվում էր Բեն Լադենը) բնակիչների կեղծ վակցինացում՝ Բեն Լադենի ԴՆԹ-ի նմուշը ստանալու համար, ինչպես նաև ԱՄՆ-ին տրամադրել է տեղեկատվություն ահաբեկչի գտնվելու վայրի մասին։ 2011թ․ ձերբակալվելուց հետո Աֆրիդին դատապարտվեց 33 տարվա ազատազրկման պետական դավաճանության համար։

Save the Children-ի ներկայացուցչի խոսքով՝ Աֆրիդին երբեք չի աշխատել կազմակերպությունում, և կազմակերպությունը Աբոտաբադի վակցինացման հետ կապ չունի։

Save the Children միջազգային կազմակերպությունը զբաղվում է երեխաների իրավունքների պաշտպանությամբ աշխարհի 120 երկրներում։ Պակիստանյան ներկայացուցչությունը գործում է ավելի քան 30 տարի՝ օգնելով երեխաներին առավել քիչ զարգացած շրջաններում։ Ներկայում պակիստանյան ներկայացուցչության աշխատակիցներից միայն վեցը Պակիստանի քաղաքացի չէ և պետք է լքի երկիրը։

2012թ․ փետրվարին ԱՄՆ-ում լույս տեսավ «Հրաման․ Նախագահի գաղտնի բանակի ներսից» (18+) գիրքը, որի հեղինակները վստահեցնում են, որ 2005թ․ Պակիստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո փրկարարների ու մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցների անվան տակ այս երկիր են ուղարկվել ԿՀՎ-ի տասնյակ գործակալներ։

Ուսամա բեն Լադենը, որը «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդն էր, սպանվեց 2011թ․ մայիսի 2-ին ԱՄՆ-ի հատուկ գործողության արդյունքում։