Հարձակման ենթարկված հայկական կայքերի գործունեությունը վերականգնվում է

Այսօր կիբեր-բախումներում ադրբեջանական կողմն անցել է մեծամասշտաբ վճարովի հարձակման. այս մասին նշել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Այս պահին շարունակում են չգործել Lragir.am և A1plus.am կայքերը: Վերականգնվել է President.am, Tert.am կայքերի գործունեությունը:

Հիշեցնենք, որ հայ սպային քնած ժամանակ կացնով սպանած ադրբեջանցու ներմանն ու մեծարմանը զուգընթաց Հայաստանում և ողջ աշխարհում օգոստոսի 31-ին բարձրացավ բողոքի ալիք, որն արտացոլվեց նաև համացանցում: Սեպտեմբերի առաջին երկու օրերին հայ-ադրբեջանական հաքերային հարձակումները չէին դադարում. ադրբեջանցի հաքերները կոտրել էին շուրջ երկու տասնյակ հայկական կայքեր` դրանց վրա տեղադրելով մարդասպանի պատկերը. այս կայքերի թվում էին նաև քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցող հիմնադրամի և մանկատների աջակցման ծրագրերի կայքերը:

Դրանից հետո հայկական հաքերները կոտրեցին Ադրբեջանի նախագահի, արդարադատության, կապի և մշակույթի նախարարությունների կայքերը` այնտեղ տեղադրելով «Ինչպիսին հերոսն է, այնպիսին էլ ազգն է» գրությամբ և Սաֆարովի ու հերոս Մոնթեի համեմատական կենսագրականներով պատկերներ Սերժ Թանգյանի ըմբոստ երգերից մեկի հնչյունների ներքո: Տվյալ կայքերը հարձակումից հետո մոտ մեկ օր չէին գործում։

Երկու օր շարունակ գրեթե ամբողջապես շարքից դուրս էին բերվել հիմնական ադրբեջանական լրատվական կայքերը` 1news.az., day.az, apa.az, vesti.az, musavat.com: Իսկ «Ժառանգություն» կուսակցության ակտիվ ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը հորդորում էր հայ հաքերներին թողնել գոնե մեկ ադրբեջանական լրատու, որ տեղեկանա, թե այնտեղ ինչ է կատարվում: Կիբեր պատերազմում հաղթանակներն, անկասկած, հայկական կողմինն էին:

Երեկ հայկական «Արմենպրես» գործակալությունը պաշտոնապես հայտնեց, որ գտնվում է հարձակման տակ, սակայն շարունակում էր աշխատել։ Դժվարությամբ, սակայն շարունակում էին աշխատել նաև Panorama.am, Panarmenian.net կայքերը: Ադրբեջանցի հաքերներն կոտրել էին Գալա հեռուստաընկերության և Web TV կայքերը:

Վերլուծելով տեղեկատվական անվտանգության իրավիճակը` Սամվել Մարտիրոսյանը գնահատել է. «Այս իրադարձությունները ցույց տվեցին, որ կրիզիսային պահերին երկու կողմն էլ փորձելու է հարվածը հասցնել երկու հիմնական թիրախներին՝ պետական կայքերին և լրատվամիջոցներին։ Տվյալ դեպքում պարզ դարձավ, որ հայկական կողմը ավելի պատրաստ է նման ճգնաժամային սցենարին»։

Այսօր Ադրբեջանը, ըստ փորձագետի, անցել է թանկարժեք Ddos հարձակման:

Նշենք նաև, որ ինչպես Սամվել Մարտիրոսյանն է բացատրում, որ DDoS հարձակումների ժամանակ հաքերները փոփոխություններ չեն մտցնում կայքի պարունակության մեջ։ Մեծ քանակի հեռակառավարվող համակարգիչների միջոցով հաքերները ծանրաբեռնում են կայքի սերվերը, ինչի արդյունքում կայքը պարզապես չի աշխատում, ուժասպառ է լինում:

Մեկնաբանել