Ամենակարևորն այն է, որ վերադարձ չլինի հակամարտությանը. Ռասմուսեն

 

ՆԱՏՕ-ի` Ադրբեջանի ոչ իրավաչափ գործողությունների վրա հնարավոր ազդեցության մասին «Հ1» հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասաց. «Մեր գործընկերությունը կարելի է օգտագործել երկխոսության կամ անվտանգության քաղաքականության իրականացման համար: Գործընկերները կարող են իրենց մտահոգությունները բարձրաձայնել գործընկերության շրջանակներում: ՆԱՏՕ-ի համար շատ կարևոր է նաև, որ կողմերը կատարեն իրենց պարտավորությունները սպառազինության հսկողության շրջանակում, և մենք այդ ուղերձը փոխանցում ենք մեր բոլոր գործընկերներին»:

Անդրադառնալով հայ սպային քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուն` Ռասմուսենն ասաց. «Սա ահավոր և ողբերգական միջադեպ էր, որ տեղի ունեցավ ութ տարի առաջ. դա հանցագործություն է, և այդպիսի հանցագործությունները չպետք է փառաբանվեն: Հակառակը: Պետք է նշեմ, որ ես խորապես մտահոգված եմ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ: Այդ որոշումը վնասում է վստահությանն ու չի նպաստում խաղաղությանն ու հաշտեցմանը: Ամենակարևորն այն է, որ վերադարձ չլինի հակամարտությանը, ընդհակառակը, նվազեցվի լարվածությունն ու խթանվի համագործակցությունն ու հաշտեցումը»:

Ռասմուսենն անդրադարձավ նաև Աֆղանստանի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայիս և ապագայում նախատեսվող դերին: «Մենք ունենք Աֆղանստանում գործողությունների շատ պարզ ռազմավարություն. նախատեսել ենք անվտանգության պատասխանատվությունը աստիճանաբար` մինչև  2014թ. հանձնել Աֆղանստանի անվտանգության ուժերին: 2014-ից հետո մենք մտադիր ենք այնտեղ իրականացնել ուսումնամարզական առաքելություն»,- նշեց նա: Ըստ նրա` այդ ժամանակ արդեն անվտանգության պատասխանատուները կլինեն աֆղանները, սակայն նրանք կունենան աջակցության կարիք, և ՆԱՏՕ-ն, ինչպես նաև իր գործընկերները, կաջակցեն Աֆղանստանին:

«Մենք պատրաստ ենք դիմագրավել մարտահրավերներին, որ կարող են ազդեցություն ունենալ եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգության ու կայունության վրա: Եթե մի քանի տարի առաջ ինձ հարցնեին, թե արդյոք դուք կպատկերացնեիք, որ ՆԱՏՕ-ն կստանձնի Լիբիայի դեպքերի պատասխանատվությունը, ես անշուշտ կասեի` ոչ: Սակայն դրությունը փոխվում է»,- ասաց նա: