Սիրիահայերը Հունգարիայից պահանջել են դատապարտել Ադրբեջանին

Դամասկոսի ազգային առաջնորդարանը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ համայնքն իր բողոքն է հայտնել Սիրիայում Հունգարիայի դեսպանին: Ներկայացնում ենք հաղորդագրության արևելահայերեն փոխադրությունը.

«Սիրիահայ գաղութը` Սիրիայում առկա դժվարին պայմաններում գտնվելով հանդերձ, չզլացավ կատարել իր ազգային պարտականությունը: Հատուկ պատվիրակությամբ այն իր բողոքը հայտնեց Հունարիայի դեսպանին Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին իր հայրենիքում` Ադրբեջանում ներում տալու և հերոսի պատվին արժանացնելու համար:

Հինգշաբթի, 2012թ. սեպտեմբերի 6-ին, Դամասկոսի համայնքապետերն ու կուսակցությունների ներկայացուցիչներն այցելեցին Դամասկոսում հավատարմագրված Հունգարիայի հանրապետության դեսպանատուն: Պատվիրակության մաս էին կազմում Դամասկոսի Հայոց Թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Արմաշ եպս. Նալբանդյանը, Դամասկոսի Հայ Կաթողիկե առաջնորդ՝ Արհ. Տեր Հովսեփ եպս. Առնաությանը, Սոցյալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Սիրիայի հարավային շրջանի վարիչ մարմնի փոխատենապետ՝ դոկտոր Վազգեն Համալյանը, Ռամկավար-ազատական կուսակցության Դամասկոսի շրջանակի ատենապետ՝ տիար Գեորգ Կեոնճյանը, Դամասկոսի Հայ Կաթողիկէ միության ատենապետ ՝ տիար Սարգիս Քեշիշյանը և Ազգային քաղաքական ժողովի (Թեմական Խորհուրդ) փոխատենապետ՝ տիար Ավո Ոսկյանը:

Պատվիրակությանն ընդունեց Սիրիայում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Յանոշ Պուտայը: Տեր Յովսեփ և Տեր Արմաշ սրբազան հայրերը ներկաների և սիրիահայության անունից իրենց բողոքն ու ցասումը հայտնեցին Հունգարիայի և Ադրբեջանի կառավարությունների միջև կատարված գործարքի համար, որը կատարվել է, բացառապես, հայ սպա Գուրգեն Մարգարյանի արյան գնով: Սրբազան հայրը մասնավորապես շեշտեց, որ հայ ժողովուրդը թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի և թե՛ Սիրիայի մեջ վրդովված է կատարվածի համար` այն համարելով Հայի անվտանգությունը խաթարող սահմռկեցուցիչ քայլ: Դեսպան Յանոշ Պուտայը իր հերթին ներկայացրեց Հունգարիա պետության դիրքորոշումն այդ մասին: Տեր Արմաշ սրբազան հայրը ներկաների անունից դեսպանին հանձնեց Հունգարիայի հանրապետության նախագահ՝ տիար Յանոշ Ադերին ուղղված նամակը, որում պահանջվում էր Եվրոպական միության պետությանը հարիր` դատապարտող կեցվածք ունենալ Ադրբեջանի անմարդկային և հակահայկական քաղաքականության նկատմամբ»: