Ադրբեջանը միջազգային արձագանքը կոչել է «տարօրինակ հայտարարություններ»

Միջազգային հանրության նման արձագանքը Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներման կապակցությամբ հայկական սփյուռքի գործունեության արդյունքն է. ճեպազրույցում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը։

«Օգտագործելով իր ողջ ներուժը` հայկական սփյուռքը նպաստում է Սաֆարովի վերաբերյալ նման տարօրինակ հայտարարությունների տարածմանը»,- ասել է նա: Միջազգային մարմինների կողմից դատապարտող և «մտահոգություն հայտնող» հայտարարությունների ուղերձը, որ Սաֆարովի մեծարումը Հարավային կովկասում ստեղծում է անկայուն դրություն և վնասում տարածաշրջանային անվտանգությանը, ըստ Աբդուլաևի, բացառապես հայկական սփյուռքի ազդեցության արդյունքն է: «Սաֆարովի խնդիրն անհրաժեշտ է վերանայել Ադրբեջանի օկուպացիայի կոնտեքստում»,- ասել է նա:

Հիշեցման տեքստում ադրբեջանական լրատվամիջոցը հաղորդում է. «Սաֆարովի ներումը փոթորիկ բարձրացրեց Հայաստանում, այն խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, ինչպես նաև սպառնում է ընդհատել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները»:

Նշենք, որ Հայաստանը պաշտոնապես միայն կասեցրել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: