Ակադեմիական հարթակից դուրս մնալը չի նպաստում իրավիճակի հանգուցալուծմանը. CEU ուսանողների նամակը ԵՊՀ-ին

Հայտնում ենք մեր խորին ափսոսանքը և անհանգստությունը Երևանի պետական համալսարանի հայտարարության վերաբերյալ, որով վերջինս հրաժարվել է հյուրընկալել և մասնակցել Կենտրոնական եվրոպական համալսարանի Արևելյան միջերկրական ուսումնասիրությունների կենտրոնի «Կովկասը և Բյուզանդիան ուշ հնադարից մինչև միջնադար” ծրագրի տարեկան միջազգային գիտաժողովին:

Տեղակայված լինելով Բուդապեշտում, Հունգարիա, Կենտրոնական եվրոպական համալսարանը հավատարմագրված է թե ԱՄՆ-ում, թե Եվրամիությունում և հանդիսանում է միջազգային համալսարան, և ոչ հուգարական: Ավելին, գիտաժողովը պլանավորվում է անցկացնել Երևանում, ոչ թե Բուդապեշտում:

Հասկանալով և կիսելով հանդերձ մեր հայրենակիցների զգացմունքները, կապված Հունգարիայի կառավարության անթույլատրելի որոշման հետ, մենք չենք կարծում, թե միջազգային ակադեմիական և մշակութային հարթակներից դուրս մնալը ամրապնդում է մեր դիրքորոշումը կամ նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Ավելին, մենք գտնում ենք, որ անկախ ապագա քաղաքական և դիվանագիտական պարզաբանումներից միջազգային ակադեմիական և մշակութային երկխոսությունն ու համագործակցությունը չպետք է վտանգվի:

Հաշվի առնելով վերոգրյալը` մենք դիմում ենք Երևանի պետական համալսարանին` խնդրելով վերանայել խնդրո առարկա որոշումը և մասնակցել գիտաժողովին: Մեր համոզված ենք, որ այս իրադրությունում ակադեմիական համայնքները կարող են օգնել հաղթահարելու այս բարդ շրջանը, և որ համագործակցությունը երկու բարձրագույն կրթական հաստատությունների միջև պետք է ամրապնդվի և խորանա:  

ԵՊՀ և ԿԵՀ Հայաստանի շրջանավարտներ
 06 Սեպտեմբեր, 2012