Գազախաբություն

Հայաստանի համար ռուսական գազի գինը չի փոխվել, և այն ձեռք է բերվում $180/1000 խմ գնով, հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նախարարը չի մեկնաբանել Պետական եկամուտների կոմիտեի տվյալները, համաձայն որոնց՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան մատակարարվող 1000 խմ ռուսական բնական գազի մաքսային արժեքը կազմել է $219:

Հուլիսին էլ Արմեն Մովսիսյանը հայտարարում էր, որ գազի գնի շուրջ ընթանում են բանակցություններ, և գինը հայտնի կլինի պայմանագիրը ստորագրելուց հետո: Նախարարի այդ հայտարարությունից հետո, սակայն, «Գազպրոմում», ի պատասխան «Օրակարգի» հարցման, տեղեկացրին, որ գազի գնի շուրջ փաստաթուղթը (գազի նոր գնի մասին) կողմերը ստորագրել են մայիսին: Թեև «Գազպրոմում» չէին նշել, թե որքան է սահմանվել գազի գինը, սակայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի այս տարվա առաջին կիսամյակի տվյալները վկայում են, որ տարվա առաջին կեսին ռուսական գազի մաքսային արժեքը կազմել է $219:

«Օրակարգի» աղբյուրները տեղեկացնում են, որ ներկայում Ռուսաստանից գազն արդեն ձեռք է բերվում $240-ով, և ձեռք բերվող ու Հայաստանի բնակչությանն իրացվող գների տարբերությունը ՀՀ կառավարությունը սուբսիդավորելու է՝ «Գազպրոմին» փոխանցելով «ՀայՌուսգազարդում» ունեցած իր 20% մասնաբաժնի կեսից ավելին:

Այս ամենը կարելի էր դիտարկել նորմալ շուկայական հարաբերությունների համատեքստում, եթե գործընթացը լիներ թափանցիկ և չպայմանավորվեր Հայաստանում փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններով: Խնդիրն այն է, որ ազատ շուկայական տնտեսության պայմաններում անտրամաբանական է բնակչության բոլոր շերտերի համար սուբսիդավորել գազի գինը՝ դրա փոխարեն նվազեցնելով պետության մասնաբաժինը համակարգաստեղծ այնպիսի ձեռնարկությունում, ինչպիսին «ՀայՌուսգազարդն» է: Եթե նույնիսկ դա տրամաբանական լիներ, ապա բնակչությունը պետք է անպայման տեղյակ լիներ այդ գործարքից, որովհետև վերջին հաշվով հենց նա է այդ բաժնեմասի տերը:

Ներկա պարագայում պետական շահը ստորադասված է Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնը պահելու անձնական ամբիցիային, և թերևս կառավարության ներկայացուցիչներին հրահանգ կա՝ գազի գնի թեման չբացել: Հրահանգն ամենայն հավանականությամբ այնքան խիստ է, որ նրանք ամեն կերպ փորձում են թաքցնել իրականությունը:

Ինչ խոսք, Հայաստանում սա միայն էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը բնորոշ վարքագիծ չէ: