ՆԱՏՕ-ի հովանուց վախեցած

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է. «2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի Համագործակցություն հանուն խաղաղության ծրագրի դասընթացի շրջանակներում խախտվել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանի կյանքի իրավունքը: Ցավոք, մենք դարձանք նրա ականատեսը, թե ինչպես են խախտվում ՆԱՏՕ-ի սկզբունքներն ու կանոնները, սակայն դա չպետք է ստվեր գցի Հայաստան-ՆԱՏO հարաբերությունների վրա»:

Վերջին իրադարձությունների ֆոնին Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը, մեղմ ասած, տարօրինակ է, եթե չասենք՝ վախվորած:

ՆԱՏՕ-ն, որի հովանու ներքո անցկացվող միջոցառման ժամանակ Սաֆարովը կացնահարեց Գուրգեն Մարգարյանին, Սաֆարովի էքստրադիցիայից հետո ամենավերջիններից մեկը արձագանքեց դեպքին այն պարագայում, երբ Ադրբեջանից և Հունգարիայից հետո մեղադրանքի սլաքը ուղղվում էր հիմնականում ՆԱՏՕ-ի ուղղությամբ: Այս կառույցը հետևողական պետք է լիներ, որ Ռամիլ Սաֆարովը իր արժանի պատիժը կրեր և ոչ թե սեփական հայրենիքում հայտնվեր ու «փառքի» արժանանար:

Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը կասկածի տակ է առնում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող միջազգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունը: Հայաստանը այս դեպքում նույնիսկ կարող էր հրաժարվել մասնակցել ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպվող այն միջոցառումներին, որտեղ ներկա կլինեն ադրբեջանցիները: Առավել ևս, որ հայ հասարակության շրջանում որոշակի դժգոհության ալիք է նկատվում այդ կառույցի նկատմամբ:

Նույնիսկ այս հանգամանքների առկայության դեպքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը բավարարվեց միայն Ադրբեջանին ոչինչ չպարտադրող հայտարարություն անելով և մտահոգություն հայտնելով:

Հնարավոր է, որ ՆԱՏՕ-ի ռազմավարական շահերն են թելադրում, որ աչք փակի Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ ռասիստական քայլերի վրա: Սակայն ակնհայտ է նաև, որ Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն երկրի ռազմավարական շահերը սպասարկելու մասին:

Հայաստանի իշխանությունները ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում ստվերների մասին անհանգստանալուց առաջ պետք է այդ կառույցից և նրա անդամ երկրներից համապատասխան քայլեր ակնկալեին Ադրբեջանի նկատմամբ:

Ամեն անգամ Ադրբեջանի ախորժակը բավարարելով և աչք փակելով նրա հայատյաց և ցեղասպան արարքների վրա՝ տարածաշրջանային կայունություն քարոզողները կամա, թե ակամա տարածաշրջանում մթնոլորտը ավելի պայթյունավտանգ են դարձնում:
Նատոներից և հապկներից օգնություն և վերաբերմունք ակնկալելու փոխարեն պետք է պատրաստ լինել ամենածայրահեղ զարգացումներին, որովհետև պատերազմին պատրաստ լինելուց բացի՝ խաղաղությունը երաշխավորող այլ արդյունավետ մեթոդ դեռևս հայտնագործված չէ:

Մեկնաբանել