Իսրայելն այնքան էլ հեռու չի թվա

2011թ. փետրվարին Իսրայել այցելած Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը զգալիորեն տպավորված էր վերադարձել մերձավորարևելյան այս երկրից: Վարչապետը հատկապես ոգևորությամբ էր խոսում Իսրայելի գյուղատնտեսության մասին: Անապատի վրա ստեղծված գյուղատնտեսությունն աշխարհի ամենաարդյունավետներից է:

Թեև Արցախը մեկ բնակչին բաժին ընկնող գյուղատնտեսական նշանակության հողերով համարվում է աշխարհի առաջատարներից մեկը, այնուամենայնիվ գյուղատնտեսական արտադրանքի ծավալով կամ արդյունավետությամբ Իսրայելի հետ համեմատել չի կարելի:
Արդյոք Արցախի վարչապետը համապատասխան եզրահանգումներ արե՞լ է իր իսրայելյան այցից: Արդյոք ինքն իրեն հարց տվե՞լ է, թե ինչն է խոչընդոտում Արցախի նման բարեբեր երկրում ունենալ գյուղատնտեսության ներկայիս վիճակը, երբ հողերի հսկայական ռեզերվ ունենալով հանդերձ՝ գյուղական շատ համայնքներում չի ապահովվում նույնիսկ անձին հասանելիք 0,6 հեկտարը, որովհետև համայնքապատկան հողերը մշակվում են խոշոր հողօգտագործողների կողմից, երբ գյուղատնտեսությանն ուղղված պետական ծրագրերի ֆինանսավորումն աճել է տասն անգամ, սակայն ոլորտի համախառն արտադրանքը չի ավելացել նույնիսկ երկու անգամ, երբ գյուղն օրեցօր ուղղակի վերջանում է:

Արդյոք Արցախի վարչապետը գիտի՞, որ գյուղատնտեսության նման ծանր վիճակի համար անձնական պատասխանատվություն է կրում՝ որպես երկրի խոշորագույն հողատեր, համատեղության կարգով՝ նաև ԼՂՀ վարչապետ: Արդյոք Արցախի իշխանությունները հասկանո՞ւմ են, որ բոլոր չարիքները գալիս են իշխանության և բիզնեսի սերտաճումից: Արցախյան գյուղատնտեսության (և ոչ միայն) զարգացման հիմնական խոչընդոտը հենց իշխանության և բիզնեսի սերտաճումն է: Այն էլ Արցախի պես մի երկրում, որտեղ չկա իշխանության տարբեր թևերի միջև իրական բաժանում, որտեղ հասարակության կողմից իշխանությունների նկատմամբ վերահսկողությունը երազանքի պես մի բան է, որտեղ այս ամենի բացակայությունը թույլ է տալիս այդ նույն արտատեր պաշտոնյաներին ազատորեն օգտագործել հանրային վառելանյութը, սերմացուն կամ պարարտանյութը… սեփական հողատարածքը մշակելու համար:

Դրա համար էլ պետական բյուջեից գյուղատնտեսությանն ուղղված հսկայական գումարները գյուղացուն չեն հասնում, դրա համար էլ գյուղացիական տնտեսությունները քայքայվում են հսկայական պարտքերի տակ, գյուղացիները դադարում են զբաղվել հողագործությամբ և աստիճանաբար հեռանում են գյուղից:

Հնարավո՞ր է արդյոք ունենալ վարչապետի տեսած իսրայելական գյուղատնտեսության նման մի բան: Ի վերջո, Արցախում տասնյակհազարավոր հեկտարներ ջրովի բարեբեր հողեր կան, որոնց մի մասում տարին մի քանի անգամ կարելի է բերք ստանալ: Իհարկե, հնարավոր է: Չնչին ցանկություն է պետք: Իշխանությունների մոտ չէ: Առանց վերահսկողության մնացած իշխանությունները նման ցանկություններ չեն ունենում: Ցանկություն պետք է հասարակության մոտ լինի: Ցանկություն չէ, պարտադրանք պետք է լինի: Եվ կարճ ժամանակում, զարմանալիորեն կարճ ժամանակահատվածում երկիրը կբռնի զարգացման ուղին, արժանապատիվ քաղաքացիներն էլ կապահովեն այդ ուղու ընթացքը: Եվ Իսրայելն այնքան էլ հեռու չի թվա:

Մեկնաբանել