101 մլրդ-ը թիվ չէ

Բյուջեի կատարումը եկամուտների մասով ընթանում է ըստ ծրագրվածի:
Այս տարվա ութ ամիսներին հավաքագրվել է բյուջեի ֌101 մլրդ լրացուցիչ հարկերի 40,5%-ը: Չնայած ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը վստահեցնում է, որ բոլոր հիմքերը կան պնդելու, թե բյուջեի կատարումը եկամուտների մասով իրատեսական է և կկատարվի, չորրորդ եռամսյակը հարկահավաքման տեսակետից բավական ռիսկային է լինելու:

Այս տարվա ութ ամիսներին պետական բյուջեն ունեցել է ֌576,2 մլրդ-ի եկամուտ, այդ թվում՝ ֌552,1 մլրդ-ի հարկեր, տուրքեր և սոցվճարներ: Այս մասին կառավարության նիստին երեկ հայտարարել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։ «Մեր նախանշած ցուցանիշների համեմատ հունվար-օգոստոսի արդյունքները գերազանցում են շուրջ ֌4 մլրդ-ով: Միայն օգոստոսին ունենք ֌390 մլն-ի հարկերի և տուրքերի գերակատարում՝ նախանշած ցուցանիշների համեմատ»,– ասել է նախարարը՝ հավելելով, որ այս արդյունքները համապատասխանում են տնտեսական ակտիվությանը, այսինքն՝ չորրորդ եռամսյակում մուտքերը կլինեն ավելի բարձր։

Ըստ նրա՝ բյուջեի կատարումը եկամուտների մասով ընթանում է ըստ ծրագրվածի, և բոլոր հիմքերը կան պնդելու, որ այն իրատեսական է և կկատարվի: «Ինչ վերաբերում է ծախսերին, ապա հունվար-օգոստոսին դրանք եղել են ֌574,148 մլրդ, ընդ որում՝ օգոստոսին՝ ֌72,232 մլրդ: Այս տեմպերով շարունակելու դեպքում մեզ մոտ դեֆիցիտը կլինի ավելի ցածր, քան պլանավորված էր»,– ասել է նախարարը՝ հավելելով, թե նախատեսված ֌132 մլրդ-ից պետբյուջեի դեֆիցիտը տարեվերջին մի քանի տասնյակ միլիարդով ցածր կլինի:

«Այսպիսով՝ բյուջեի կատարողականի տեսակետից կարող ենք փաստել, որ չվճարված ստանձնած պարտավորություն գոյություն չունի, միևնույն ժամանակ, եկամուտների հավաքագրումն ընթանում է ըստ սցենարի՝ մի փոքր գերակատարումով»,– եզրափակել է նախարարը:

Չորրորդ եռամսյակը ռիսկային է
Նշենք, որ ըստ նախարարի տվյալների՝ օգոստոսին հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է ֌75,4 մլրդ, ինչն անցած տարվա նույն ամսվա համեմատ ավելի է ֌8,5 մլրդ-ով։ Բյուջեի հիմքում դրված ֌101 մլրդ լրացուցիչ հարկային եկամուտներից այս տարվա ութ ամիսներին հավաքագրվել է ֌41,1 մլրդ-ը, մնացած ֌60 մլրդ-ն անհրաժեշտ է լինելու հավաքագրել տարվա վերջին չորս ամիսների ընթացքում։

Ըստ 2012թ. պետական բյուջեի եկամուտների հավաքագրման եռամսյակային ժամանակացույցի՝ երրորդ եռամսյակում ամսական կտրվածքով լրացուցիչ հարկահավաքումը պետք է կազմի ֌9,7 մլրդ, այնինչ օգոստոսին հավաքագրել է լրացուցիչ ֌8,5 մլրդ։ Եթե հաշվի առնենք, որ հուլիսին լրացուցիչ հարկահավաքումը կազմել է ֌12,3 մլրդ, ապա ստացվում է, որ սեպտեմբերին լրացուցիչ հավաքագրումը պետք է կազմի ֌8,4 մլրդ։ Ըստ երրորդ եռամսյակի ծրագրի՝ հարկահավաքումը կարծես կատարվում է, սակայն ամենալուրջ խնդիրն առաջանալու է չորրորդ եռամսյակում։

Նշենք, որ նախանշված ֌101 մլրդ-ի հավաքագրումը ապահովելու համար չորրորդ եռամսյակում ամսական միջինը պետք է հավաքագրվի ֌82,2 մլրդ-ի հարկ, որից հավելյալ՝ ֌16,2 մլրդ։ Ամսական կտրվածքով նման ծավալ այս տարի չի հավաքագրվել, առավելագույն գումարը հավաքագրվել է հուլիսին՝ ֌80,5 մլրդ։
Ա.Չ.

Մեկնաբանել