Վարդան Մինասյան. Բոլոր խաղերում հաղթանակ տանելու նպատակ ունենք

Սեպտեմբերի 6-ին երեկոյան Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է նախախաղային մարզում «Տա Կալի» մարզադաշտում, որի մեկնարկից առաջ մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ Մալթայի ընտրանին շատ կազմակերպված թիմ է՝ համեմատելով անցյալում մեր թիմերի միջև տեղի ունեցած հանդիպումները: Վարդան Մինասյանի կարծիքով Մալթայի ազգային հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Պիետորո Գեդինին հաջողվել է ամուր և մարտունակ թիմ ստեղծել:

Անդրադառնալով կենտրոնական պաշտպանի դիրքին, Վարդան Մինասյանն ընդգծել է, որ այդ խաղային դիրքում մրցակցությունը թիմում աճել է: Այսօր հավաքականի կազմում ընդգրկված է չորս կենտրոնական պաշտպան, որոնց թվում են նորեկ Ալեքսը և Ռոբերտ Արզումանյանը, ով վերջապես պայմանգիր է կնքել ակումբային թիմի հետ: Մալթայի հետ խաղի համար մեր հավաքականի մարզչական շտաբը պետք է ընտրի երկու կենտրոնական պաշտպաններից կազմված օպտիմալ զույգը:

Վարդան Մինասյանն ևս մեկ անգամ նշել է որ ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ հավաքականը բոլոր խաղերում հաղթանակ տանելու նպատակով է դուրս գալու խաղադաշտ: Իսկ յուրաքանչյուր խաղի համար կընտրվի այն մարտավարությունը, որը թույլ կտա Հայաստանի ազգային հավաքականին հաղթանակ տոնել:

ՀՖՖ մամուլի ծառայություն