Հայկական բանկերի՝ Լեռնային Ղարաբաղում գործող մասնաճյուղերը չսպասարկելը «Միգոմ» վճարահաշվարկային համակարգին զրկել է Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունից։ Երեկ ԿԲ-ն ուժը կորցրած է ճանաչել «Միգոմ» համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները։
Ըստ ԿԲ հաղորդագրության՝ «Միգոմ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորը 2008-ից սկսած առանց որևէ պատճառաբանության բազմիցս դադարեցրել է Հայաստանի տարածքում գործող բանկերի որոշ մասնաճյուղերում իր համակարգից օգտվելու՝ բանկերի հնարավորությունը:
«Նման համակարգում հայաստանյան մասնակիցների մասնակցությունը, Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի կողմից 2006թ. հուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի համաձայն, վտանգում է ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը»,– նշված է ԿԲ հաղորդագրությունում:
Բանկային ոլորտում «Օրակարգի» աղբյուրները նշում են, որ «Միգոմ» համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները ուժը կորցրած ճանաչելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ համակարգը հրաժարվել է սպասարկել հայկական բանկերի՝ Լեռնային Ղարաբաղում գործող մասնաճյուղերը։ ԿԲ-ն համակարգի օպերատորին մի քանի անգամ տեղեկացրել է նման գործելաոճի անընդունելի լինելու մասին, պարզաբանումներ պահանջել և նախազգուշացրել, բայց «Միգոմը» շարունակել է անտեսել Լեռնային Ղարաբաղում գործող մասնաճյուղերը։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերը հրաժարվում են սպասարկել հայկական բանկերի՝ Լեռնային Ղարաբաղում գործող մասնաճյուղերը՝ այս կերպ խուսափելով Ադրբեջանի հետ խնդիրներից։
Այսպես՝ 2008թ. օգոստոսի 22-ին ԿԲ-ն արգելեց Հայաստանի տարածքում գործող բանկերի մասնակցությունը Western Union վճարահաշվարկային համակարգին՝ ի պատասխան Western Union-ի՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում գործունեությունը դադարեցնելու մասին որոշմանը։ Հիշեցնենք, որ Western Union-ը այս քայլին դիմել էր ադրբեջանական կողմի ճնշման տակ, որն արգելել էր ընկերության գործունեությունն Ադրբեջանում այնքան ժամանակ, քանի դեռ այն չէր դադարեցրել գործել ԼՂՀ-ում։