Սաֆարովին ներում շնորհելը չի նպաստում խաղաղ գործընթացին. Ռասմուսենի հայտարարությունը Բաքվում

Ես խորապես մտահոգված եմ սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի որոշմամբ. դա վնասում է վստահությանը և չի նպաստում խաղաղ գործընթացին, այսօր Բաքվում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում, հաղորդում է Trend-ը:

«Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով չի կարող լուծվել: Հակամարտության առաջընթացի միակ ճանապարհը երկխոսությունն է, փոխզիջումն ու համագործակցությունը»,- ասված է Ռասմուսենի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ ռազմական կոնֆլիկտը չպետք է վերսկսի՝ հավելելով, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերն է և կշարունակի մնալ այդպիսին:

Հիշեցնենք, որ երեկ Երևանում Ռասմուսենը կրկին հայտարարել էր, որ չափազանց մտահոգված է Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի որոշմամբ: «Նրա գործածը ահավոր հանցագործություն էր և չպետք է հերոսացվի»,- ասել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Մեկնաբանել