ԼՂՀ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել

Սեպտեմբերի 6-ին ԼՂՀ Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան, որը հրավիրվել է ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ ու նրանց առաջարկած օրակարգով, հաղորդում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Բացելով նստաշրջանը՝ ԱԺ նախագահը հայտնել է, որ Սահմանադրության պահանջով ու Հիմնական օրենքով սահմանված ժամկետում պետք է տեղի ունենա ԱԺ հատուկ նիստ՝ նվիրված ԼՂՀ նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը։

Խորհրդարանի արտահերթ նստաշրջանի գումարումը պայմանավորված էր ԱԺ հատուկ նիստի անցկացման վայրը տեղափոխելու մասին հարցը քննարկելու և այդ կապակցությամբ ԼՂՀ ԱԺ նախագահի ստորագրած որոշումը հաստատելու անհրաժեշտությամբ։

Խորհրդարանը, միաձայն կողմ քվեարկելով, հաստատել է ԱԺ առաջարկած որոշումը, որում, հիմք ընդունելով ԼՂՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի և «ԱԺ կանոնակարգ» օրենքի 4-րդ հոդվածի պահանջները, սահմանվում է ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստը՝ նվիրված ԼՂՀ Նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը, գումարել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում, ս.թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17.00-ին։

Մեկնաբանել