Օբաման համաձայնել է լինել դեմոկրատների թեկնածուն

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Դեմոկրատական կուսակցության համագումարում (Շառլոտ, Հյուսիսային Կառոլինա) պաշտոնապես համաձայնել է լինել դեմոկրատների թեկնածուն նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում։ Մեկ օր առաջ համագումարի պատվիրակները քվեարկել էին նրա թեկնածության առաջադրման օգտին։ Անցյալ շաբաթ Հանրապետական կուսակցության՝ ԱՄՆ-ի նախագահի և փոխնախագահի թեկնածուներ էին պաշտոնապես դարձել Միթ Ռոմնին ու Փոլ Ռայանը։

Օբամայի կարծիքով՝ իր և Ռոմնիի միջև ընտրությունը ընտրություն է երկու՝ արմատապես իրարից տարբեր հեռանկարների միջև։ Այս մասին նա ասել է համագումարին՝ իր ծրագրային ելույթում։ «Մեր հեռանկարը պայքար է՝ հանուն այն արժեքների վերականգնման, որոնց հիման վրա կառուցվել է ուժեղ միջին խավ և աշխարհի ուժեղագույն տնտեսությունը։ Դրանք արժեքներ են, որոնք իմ պապը պաշտպանել է՝ որպես Պատոնի բանակի զինվոր, արժեքներ՝ հանուն որոնց տատիկս գնացել է աշխատելու ռմբակոծիչների հավաքման կոնվեյերով, երբ պապիկս մահացել է։ Նրանք գիտեին, որ ինչ-որ մեծ բանի մի մասնիկն են՝ ազգի, որը հաղթել է ֆաշիզմը և Մեծ դեպրեսիան, ազգի, որում ամենանորարարական բիզնեսը արտադրում է աշխարհում լավագույն ապրանքները, և բոլորը հպարտանում էին այդ հաջողություններով՝ թոփ մենեջերներից մինչև սովորական աշխատողներ»,- ասել է Օբաման։

Խոսելով այդ ժամանակվա հնարավորությունների մասին՝ ԱՄՆ նախագահն ասել է, որ այդ ժամանակ մարդիկ գիտեին, որ ծանր աշխատանքը կհատուցվի, որ պատասխանատվությունը կպարգևատրվի, և որ բոլորն ունեին իրենց շանսը ու խաղում էին միևնույն կանոններով։ Օբաման առաջին անգամ մասնակցել է նախագահական մրցարշավին, քանի որ զգացել է, որ այդ սկզբունքները կորսում են, մեջբերում է New York Times-ը։ Նա համաքաղաքացիներին կոչ է արել պաշտպանել այն ապագան, դեպի որը երկիրը տանում է իր կուսակցությունը, և խոստացել է, որ դեմոկրատների ծրագիրը կհանգեցնի նոր աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսության վերականգնմանը արդեն չորս տարում։