ՌԴ Հաշվիչ պալատի նախագահը մինչև նոյեմբեր կայցելի Երևան

ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը մինչև նոյեմբեր կայցելի Երևան: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի և ՌԴ Հաշվիչ պալատի նախագահի միջև Ղրղըզստանում ԱՊՀ երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 12–րդ համագումարի շրջանակում:

Ինչպես հաղորդում են Վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունից, երկու վերահսկիչ կառույցները համատեղ նիստում կհաստատեն Հայաստան-Ռուսաստան պարենային ապրանքների ներմուծման և արտահանման կարգավորման հարցերի համատեղ վերահսկողության արդյունքները:

Երևանում Իշխան Զաքարյանն ու Սերգեյ Ստեպաշինը կստորագրեն նաև 2013-2015 թթ. համագործակցության հերթական ծրագիրը:

Համագումարի ընթացքում վերահսկիչների ուշադրության կենտրոնում այս անգամ եղել է էներգետիկ համակարգը:

Ռազմավարական նշանակություն ունեցող այդ կարևոր ոլորտում ԱՊՀ վերահսկիչ պալատներն առաջիկա տարիներին կիրականացնեն մի շարք համատեղ և զուգահեռ վերահսկողական միջոցառումներ ու խորհրդակցություններ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության շրջանակում:

Մեկնաբանել