Այժմ մտածում ենք միայն Հայաստանի հավաքականի հետ խաղի մասին. Մալթայի մարզիչ

Մալթայի հավաքականի գլխավոր մարզիչ Պիետրո Գեդին Հայաստանի հետ այսօր կայանալիք մրցավեճից առաջ տված մամուլի ասուլիսում նշել է, որ դա կարևոր փորձարկում կլինի իր թիմի համար: Իտալացի մասնագետը նշել է, որ Հայաստանը մեկ քայլ առաջ է կատարել` նախորդ որակավորման փուլում վաստակելով 17 միավոր:

«Նրանք ունեն արագ ֆուտբոլիստներ, ինչի մասին վկայում է Բելառուսի հետ նրանց վերջին հանդիպումը: Այդուհանդերձ սեփական հարկի տակ մենք կօգտագործենք բոլոր խաղաքարերը: Առայժմ մտածում ենք միայն Հայաստանի հետ խաղի մասին, որից հետո նոր` Իտալիայի:

Դեռ շատ աշխատանք ունենք կատարելու, հուսով եմ` Հայաստանի դեմ դժվարին խաղում յուրաքանչյուրը կանի իրենից կախված ամեն ինչ: Վստահ եմ` մեր թիմը լավ հանդես կգա»,-Գեդինի խոսքերն է մեջբերում mfa.com-ը:

«Մենք ունենք 10 խաղացողներ, ովքեր հիանալի ելույթ են ունենում ինչպես պաշտպանությունում, այնպես էլ` հարձակման գծում: Այս բազմազանությունը թույլ է տալիս տարբեր մարտավորություններ մշակել, ինչպիսին օրինակ 1-4-3-2-1 տարբերակն է»:

Հայաստանի հետ խաղին անդրադարձել է նաև թիմի ռմբարկու Մայքլ Միֆսուդը. «Հայերի խաղերի տեսագրությունները դիտելով` չեք կարող թերագնահատել այս թիմին: Նրանք բավականին արագ են ու մեծ նպատակասլացությամբ են առաջ շարժվում:

Անկասկած չափազանց բարդ խաղ կլինի մեզ համար, բայց մենք լավ ենք պատրաստվել ու կանենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ»:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել