Լոնդոնն աշխարհի ամենանորաձև քաղաքն է

Մշուշոտ Ալբիոնն արդեն երկրորդ անգամ դառնում է աշխարհի ամենանորաձև քաղաքը՝ առաջ անցնելով իր գլխավոր մրցակից Նյու Յորքից: Համապատասխան ցանկը երեկ հրապարակել է Global Language Monitor ընկերությունը, որը մասնագիտացած է համացանցում և լրատվամիջոցներում նախապատվությունների ուսումնասիրությամբ:

Ընկերության նախագահ Փոլ Փայաքի խոսքով՝ արքայազն Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անթերի ոճն ու Օլիմպիադա-2012-ը Լոնդոնին օգնեցին ամրապնդել իր դիրքերը նորաձևության աշխարհում: Բրիտանական նորաձևությունը նույնիսկ դարձել է օգոստոսի 12-ին Սթրաթֆորդում օլիմպիական խաղերի փակման արարողության գլխավոր թեմաներից մեկը: Այդ երեկո 80 հազար հանդիսականի առաջ հանդես են եկել սուպեր-մոդելներ Քեյթ Մոսն ու Նաոմի Քեմփբելը, որոնք պոդիումում ցուցադրել են Միացյալ Թագավորության նորաձևության հանրահայտ տների ոսկեգույն զգեստները:

Global Language Monitor-ի ցանկում Փարիզը հայտնվել է չորրորդ հորիզոնականում, ընդ որում՝ բարձր նորաձևության աշխարհում Ֆրանսիայի մայրաքաղաքը ճանաչվել է մրցակցությունից դուրս: Լավագույն «հնգյակում» է իսպանական միանգամից երկու քաղաք՝ Բարսելոնան՝ (3-րդ տեղ) և Մադրիդը (5-րդ տեղ):

7-րդ տեղում հայտնված բրազիլական Սան Պաուլուն ճանաչվել է Լատինական Ամերիկայի նորաձևության մայրաքաղաք, իսկ Ասիայում նույն դիրքում է Հոնգկոնգը (12-րդ տեղ):

Նորաձև հագուստի սիրահարների ֆավորիտ Միլանն այս անգամ զիջել է դիրքերը և 4–րդից իջել 8-րդ հորիզոնական: Աֆրիկյան քաղաքների առաջին «քսանյակի» մեջ է Յոհաննեսբուրգը (18), իսկ 28-րդ հորիզոնականում հայտնված Դուբայը Մերձավոր Արևելքի ամենանորաձև քաղաքն է:

Ցանկում ընդգրկված է նաև Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան (35-րդ տեղ): Վարկանիշի դեբյուտանտներ են Սանկտ Պետերբուրգը՝ 51-րդ, կանադական Վանքուվերը՝ 31-րդ և կորեական Սեուլը՝ 34-րդ տեղում:

2003-ին հիմնադրված Global Language Monitor-ը նորաձև քաղաքների իր ցանկը կազմում է համակարգչային հատուկ ծրագրի միջոցով՝ 250 հազ. տպագիր և էլեկտրոնային հրատարակություններում առանցքային թեմաների հիշատակության հաճախականության հիման վրա: