Միխայել Հանեկեի «Սերը» կինոքննադատների կողմից ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ

Փառատոնային տարվա արդյունքներով՝ ավստրիացի կինոռեժիսոր և սցենարիստ Միխայել Հանեկեի «Սեր» ֆիլմը Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի կողմից արժանացել է Գրան պրիի:

Պատվավոր այս մրցանակի շնորհման բուն արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին Սան Սեբաստյանի կինոփառատոնի բացման ժամանակ:

«Սեր» ֆիլմը պատմում է տարեց մի զույգի մասին, որն ապրում է իր կյանքի մայրամուտը, այն մասին, թե ինչպես է ամուսինն անձամբ խնամում օրեցօր տկարացող կնոջը:

Կաննի 65-րդ կինոփառատոնում կինոնկարն արժանացել է բարձրագույն՝ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի:

Նախորդ տարիներին կինոքննադատների կարծիքով լավագույն են ճանաչվել ռեժիսորներ Ժան-Լյուք Գոդարի, Պեդրո Ալմոդովարի, Ռոման Պոլանսկու, Տերենս Մալիկի, Ակի Կաուրիսմյակիի, Նուրի Բիլգե Ջեյլանի ֆիլմերը:

Մեկնաբանել