Պետդեպին շարունակում է մտահոգել Սաֆարովի արտահանձնումն ու ներում շնորհումը

ԱՄՆ պետդեպի փոխխոսնակ Պատրիկ Վենտրելը երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ կրկին անդրադարձել է Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու փաստին, հաղորդում է Պետդեպի պաշտոնական կայքը:

Հարցին, թե արդյոք Սաֆարովի գործի կապակցությամբ Պետդեպը քննարկում ունեցել է Ադրբեջանի իշխանությունների հետ, Վենտրելն ասել է, որ իրենք կապի մեջ են եղել համապատասխան իշխանությունների հետ՝ խոստանալով ճեպազրույցից հետո հստակեցնել, թե ինչ մակարդակով են իրականացվել այդ շփումները: «Մեր հայտարարությունն այդ կապակցությամբ արտահայտել էր խոր մտահոգություն, և մենք երկկողմ շփումներում անդրադարձել ենք այդ հարցին: Հուսով եմ, ավելի ուշ կկարողանամ ավելի շատ տեղեկություններ տալ»,- ասել է Վենտրելը: 

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ ազդեցություն կունենա այս ամենը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա՝ Վենտրելն ասել է. «Մենք մտադիր ենք պահպանել կապերը թե′ Հայաստանի, թե′ Ադրբեջանի հետ՝ հակամարտությունը խաղաղ լուծելու և լարվածությունը թուլացնելու համար: Մենք իսկապես դատապարտում ենք ցանկացած գործողություն, որը տարածաշրջանային լարվածություն է հրահրում: Այդ էր պատճառը, որ մենք այդքան խորը հիասթափված էինք Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու Հունգարիայի որոշմամբ»:

Հարցին` արդյոք Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններն այս հարցի շուրջ չեն սրում խնդիրները, նա պատասխանել է, որ մեկնաբանություններ այս միջադեպից հետո դեռ չի լսել, և իրենք շատ մտահոգված են ու շարունակում են մտահոգվել:

Պատրիկ Վենտրելին հարցրել են նաև, թե արդյոք Միացյալ Նահանգները կապի մեջ է Հայաստանի իշխանությունների հետ այս հարցի կապակցությամբ, քանի որ դեպքից հետո Հայաստանը հիասթափված և մտահոգ էր: Վենտրելը պատասխանել է. «Իհարկե, մենք շփումների մեջ ենք Հայաստանի ղեկավարության հետ ինչպես մեր դեսպանության, այնպես էլ այլ խողովակների միջոցով»: