ԲՀԿ խոսնակը վարչապետին մեղադրում է Ծառուկյանին վարկաբեկել փորձելու մեջ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն արձագանքել է «Իրատես դե ֆակտո» թերթում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին հրապարակմանը՝ հոդվածի համար մեղադրելով վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ուրիխանյանի տարածած հայտարարությունը ներկայացված է ստորև:

Հարց – Պարոն Ուրիխանյան, այսօր օրաթերթերից մեկում հրապարակում կար երկրի ազգային անվտանգության խորհրդի կազմի մասին ու տեսակետ, որ Գագիկ Ծառուկյանի իմացությունը չի բավարարում նման բարձր մարմնում ներկայացված լինելու համար։

Պատասխան – Մինչ ավելի մանրամասն պատասխանելը, ուզում եմ մի փաստ արձանագրենք. Գագիկ Ծառուկյանը այս պահին երկրի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է: Նրա տեղը և դերը երկրում որոշում են այն կես միլիոն իրական ձայները, որ ԲՀԿ ստացավ խորհրդարանական ընտրություններում և այն սպասումները, որը հասարակությունն ունի Ծառուկյանից:

Անցնենք բուն հարցին. գիտեք, կարծում եմ ժամանակն է, որ մենք խոսենք բաց և շիտակ՝ առանց «թերթերից մեկում» կամ «մի ինչ-որ թերթ» և նման անհասցե ձևակերպումների և կարծում եմ, իրապես ժամանակն է, որ իրերը կոչենք իրենց անուններով։ Թերթը, որի մասին դուք խոսում եք՝ «Իրատես դե ֆակտոն» է, որի գաղափարական և ֆինանսական հայրերը վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Ֆլեշի Բեգլարյան Բարսեղն է։ Եվ այդ անձիք մեկ հստակ խնդիր ունեն՝ փորձել վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Այդ խնդիրը լուծելու համար նրանք որևէ միջոցի առջև՝ լինի դա բարոյական թե նյութական, կանգ չեն առնում և դա որևէ մեկի համար գաղտնիք չէ։

Ի դեպ, սա ինչ-որ տեղ տրամաբանական է. երկրի տնտեսությունը քանդելուց հետո պետք է շեղել հասարակական տրամադրությունները՝ գոնե ժամանակավորապես:

Տվյալ լրատվամիջոցում և իրենց «անաչառ» հորջորջող մի քանի այլ լրատվամիջոցներում ու կայքերում այդ երկյակը պարբերաբար և հետևողականորեն պատվերներ է իջեցնում Գագիկ Ծառուկյանի դեմ, քանզի երկյակին հանգիստ չի տալիս Ծառուկյանի վարկանիշն ու մեծ ժողովրդականությունը, քանզի նրանց մեծապես անհանգստացնում է այն, որ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ ներկայացուցիչները հրապարակայնորեն քննադատում են տարվող խայտառակ և անարդյունավետ տնտեսական քաղաքականությունը, որի արդյունքում արտագաղթի, աղքատության տեմպերը այլևս լրջագույն վտանգ են երկրի ազգային անվտանգությանը, երկրի արտաքին պարտքի մտահոգիչ թվերը դարձել են միջազգային հեղինակավոր տնտեսական կառույցների քննարկման և մտահոգության առարկան։ Երկիրը դատարկվում է, որովհետև մարդիկ իրենց հայրենիքում ապրելու հեռանկար չեն տեսնում և բնական է, որ այս ամենին ահա ա՛յս վարչապետի պատասխանը պետք է լիներ հետևյալը՝ «մնան, որ հեղափոխությո՞ւն անեն»։

Ուստի, եթե այդ երկյակը չհանգստանա ու շարունակի տառապել Ծառուկյանի հեղինակությամբ և վարկանիշով, ապա կարծում եմ, ժամանակն է, որ մեր հանրությունը ևս տեղեկանա այն ամենին, ինչի մասին ամեն օր խոսում են քաղաքական կուլիսներում առ այն, որ Տիգրան Սարգսյանի եղբայրը, փեսան, հորեղբայրը և մնացյալ բարեկամներն ու ֆավորիտները միայն իրավունք ունեն «շահելու» այս կամ այն տենդերը, թե ինչպես հենց այս պահին Տիգրան Սարգսյանի եղբոր հրահանգով ապամոնտաժվում են Մասիս-էջմիածին հատվածի ոռոգման ջրի խողովակներ՝ գյուղացիներին զրկելով իրենց այգիները ոռոգելու վերջին հնարավորությունից, քանզի վարչապետի եղբայրը որոշել է ՀԷԿ կառուցել, շատ ավելի բաց և հրապարակային կխոսենք «Նաիրիտի» էպոպեայի մասին, Հնդկաստանից ներկրված և մեր ժողովրդին տևական ժամանակ գոմեշի սատկած միս մատակարարած իրական պատասխանատուների և շատ ու շատ այլ բաների մասին։

Ամեն օր Աստծո անունը տալով և Նարեկացի ցիտելով հնարավոր չէ սեփական անբարո դիմագիծը փրկել։ Ի դեպ, հիշեցնենք, որ ո՛չ քրիստոնեությունը, ո՛չ էլ որևէ այլ կրոն չի ազատում երկրային կյանքում պատասխանատվությունից՝ հարյուր հազարավոր մարդկանց տառապանքի պատճառ դառնալու համար:

Մեկնաբանել