ԵԿԳ-ն խաղողագործների հետ երկարաժամկետ պայմանագրեր կկքնի

Երևանի կոնյակի գործարանը (ապրանքանիշը «ԱրԱրԱտ») գալիք տարվա գարնանը նախատեսում է գյուղացիական տնտեսությունների հետ խաղողի մթերման երկարաժամկետ (մինչև 9 տարի) պայմանագրեր կնքել։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը։

Ըստ նրա՝ գարնանը 9 տարվա պայմանագրեր կկնքվեն ներկայում ընկերության հետ համագործակցող տնտեսությունների 30%-ի հետ։ Այդ պայմանագրերը գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կտան խաղողի աճեցումը պլանավորել երկարաժամկետ կտրվածքով և ունենալով մթերման երաշխիքներ՝ ավելի համարձակ օգտվել վարկային միջոցներից, նոր այգիներ հիմնել և դրա արդյունքում ավելացնել մեկ հեկտարից ստացվող բերքի ծավալները։ «Այսօր ունենք գյուղացիներ, որոնք մշակում են դեռևս իրենց պապերի հիմնած այգիները։ Հասկանալի է, որ հնացած այգիների բերքատվությունը ցածր է, ինչի հետևանքով նաև փոքր են գյուղացիների եկամուտները»,- ասաց Գրիգորյանը՝ հույս հայտնելով, որ գյուղացիական մյուս տնտեսությունները նույնպես կգնան այդ քայլին։

Ըստ նրա՝ խաղողի մթերումը գործարանը սկսելու է սեպտեմբերի 10-ին Արարատյան դաշտում: Այս տարի ԵԿԳ-ն նախատեսում է գյուղացիական տնտեսություններից մթերել 24 հազ. տոննա, ինչը 3-3,5 հազ. տոննայով ավելի կլինի անցած տարվա ցուցանիշից։ «Այս տարի մենք գնալու ենք աննախադեպ քայլի և Բերդի տարածաշրջանում մթերելու ենք ողջ բերքի ծավալը։ Այդ քայլին ենք գնացել՝ հաշվի առնելով այն, որ տարածաշրջանը սահմանամերձ է և օժանդակության կարիք ունի»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ Այգավանի և Արմավիրի մասնաճյուղերը 1 կգ խաղողը գնելու են 140 դրամով, իսկ Տավուշի մարզում 1 կգ-ը գնվելու է 130 դրամով։ «Առաջին հայացքից Տավուշում գինը ցածր է, բայց եթե հաշվի ենք առնում խաղողի մեջ շաքարի պարունակության աստիճանը, որը Արարատյան դաշտում անցած տարի կազմել էր 20%, իսկ Տավուշում՝ 13%, ապա գինը իրականում ավելի բարձր է։ Հաշվի առնելով շաքարի աստիճանը, Տավուշում գինը չէր կարող գերազանցել 100 դրամը»,- ասաց Գրիգորյանը:

Գրիգորյանը նորմալ է համարում, որ երկրի նախագահի կողմից մատնանշվում են մթերման օպտիմալ գներ։ Ըստ նրա՝ ցանկացած երկրում, նույնիսկ՝ ամենաժողովրդավարական, պետության և բնակչության համար կան կարևոր նշանակության ապրանքներ, որոնց գները կարգավորվում են։

Անդրադառնալով ընկերության ֆինանսական ցուցանիշներին՝ Գրիգորյանը նշեց, որ 2011-2012 ֆինանսական տարում (2011թ. հուլիսից մինչև 2012թ. հունիս) ընկերության վաճառքների ծավալները ավելացել են 33%-ով, արտահանման ծավալները՝ 30%-ով՝ կազմելով 3,4 մլն լ, զուտ շահույթը կրկնապատկվել է՝ կազմելով 5 մլրդ դրամ։ «Այս տարվա հուլիս-օգոստոսին անցած տարվա նույն ժամանակահատվծի համեմատ ընկերության վաճառքները ավելացել են մոտ 2,7 անգամ՝ կազմելով 638 հազ. լ։ Իհարկե, հնարավոր է, որ ֆինանսական առաջին երկու ամսվա ցուցանիշները ողջ տարվա կտրվածքով կանխատեսումներ անելու համա խաբուսիկ լինեն, այնուհանդերձ տենդենցը ոգևորող է»,-ասաց Գրիգորյանը։

Անրադառնալով Ռուսաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցելուն և դրա հետ կապված ռուսական շուկայում ռիսկերին, մասնավորապես այն հնարավորությանը, որ Ռուսաստանում կարող է արգելվել «հայկական կոնյակ» անվանումով խմիչքի վաճառքը, Գրիգորյանը նշեց, որ ԵԿԳ-ն արդեն ամենօրյա աշխատանքներ է տարվում այդ ուղղությամբ, որպեսզի երբ այդ օրը գա, ամբողջովին պատրաստ լինի։ «Բայց չեմ կարծում, որ այդ օրը շուտ կգա»,- ասաց Գրիգորյանը։

Մեկնաբանել