Չինաստանի հարավում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 50-ի

Նախնական տվյալներով 50 մարդ զոհվել է և 150-ը վնասվածքներ է ստացել այսօր Չինաստանի հարավում տեղի ունեցած 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանությունները։

Ավելի վաղ հաղորդվում էր 40 զոհվածների մասին։

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Յուննան նահանգում՝ Ցզյաոկույ բնակավայրից 1 կմ հարավ-արևելք։ Օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։ Այս երկրաշարժին հաջորդել են մի շարք հետցնցումներ, որոնցից ամենաուժեղի մագնիտուդը 5,6 է կազմել։ «Սինհուա» գործակալության տվյալներով՝ աղետը վնասներ է պատճառել նաև հարևան Գույչժոու նահանգում։ Այս երկու նահանգներում ընդհանուր առմամբ վնասվել կամ քանդվել է 20 հազ․ տուն։

Զոհերի մասին առաջին լուրերը ստացվել են Յուննան նահանգից, նշում է «Սինհուան»։

Հունիսի վերջին 5,7 մագնիտուդ երկրաշարժի հետևանքով Յուննան նահանգում զոհվել էր երկու մարդ, մոտ 100-ը վնասվածքներ էր ստացել։