Ջեմալ փաշայի թոռը գիրք է հրատարակում՝ «1915. Հայոց ցեղասպանություն»

Առաջիկա շաբաթում լույս կտեսնի «1915. Հայոց ցեղասպանություն» վերնագրով գիրքը, որի հեղինակը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռն է` Հասան Ջեմալը, հաղորդում է Ստամբուլում տպագրվող «Ակօս» պարբերականը:

«Ինչպե՞ս կարող ենք առաջ ընթանալ՝ առանց անցյալի դեպքերի հետ առերեսվելու և հաշվի նստելու: Անցյալի ցավերի նկատմամբ լուռ չենք կարող մնալ: Չենք կարող թույլ տալ, որ այսօր հանձնվենք անցյալին: Բացի այդ՝ 1915-ի ցավը պատմություն չէ, այն այսօրվա խնդիր է»,- ասել է գրքի հեղինակը:

Գրքի առաջին գլխում ներկայացված է, թե ինչպես է Հասանը 2000-ականների սկզբներին սկսում առաջին անգամ առերեսվել 1915 թվականի դեպքերին: Նա պատմում է, թե ինչպես 2006թ. Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստի ժամանակ ներկաներին իր ապրածներն ու իմացածները պատմելուց հետո նրան մշտապես երկրում սկսել են թշնամաբար ընդունել` կոչելով «հայրենիքի դավաճան»:

Երկրորդ գլխում հեղինակը պատմում է, թե նախքան 1915թ. դեպքերի մասին իրողությունն իմանալն ինչպիսի մտածելակերպ է ունեցել ինքը, և թե ինչպես է այդ մտածելակերպը ժամանակի ընթացքում փոխվել:

Գրքի ամենահետաքրքիր մասը երրորդ գլուխն է, որը վերնագրված է «Փաշա պապը կամ Ջեմալ փաշայի ընտանիքը»: Այս գլխում պատմվում է Ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի և նրա ընտանիքի մասին:

Նշենք, որ 2008թ. Հասան Ջեմալն այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրել Եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրին:

Մեկնաբանել