Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկում է

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 2012-2013թթ. համերգաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին` Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնով:

Ավելի քան մեկ ամիս տևող ամենամյա փառատոնային ծրագիրը կներառի տասնմեկ սիմֆոնիկ և կամերային երաժշտության համերգ` միջազգային ճանաչում վայելող հյուրեկ արտիստների, ինչպես նաև Ֆիլհարմոնիկի առաջատար երաժիշտների մենակատարմամբ: Ինչպես և նախորդ տարիներին՝ հրավիրյալ մենակատարները վարպետության դասեր կանցկացնեն Հայաստանի երիտասարդ երաժիշտների համար:

Փառատոնն ավանդաբար նաև հայ դասական երաժշտարվեստի գործիչների մեծարման առիթ է: Այն կբացվի Ալեքսանդր Հարությունյանի և Օհան Դուրյանի հիշատակին նվիրված կատարումներով և կամփոփվի աշխարհահռչակ Միշել Լեգրանի 80-ամյա հոբելյանի համերգով, որի ընթացքում Ֆիլհարմոնիկի հետ ելույթ կունենա ինքը` լեգենդար կոմպոզիտորը: Փառատոնը Երևան է հրավիրել նաև Բորոդինի անվան հռչակավոր լարային քառյակը, որը կներկայանա կամերային երաժշտության համերգով և քառյակի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանի 65-ամյա հոբելյանին նվիրված սիմֆոնիկ համերգով:

Փառատոնային ծրագիրը կներառի նաև երկու հատուկ համերգ` նվիրված Գերմանիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 և ՀՀ անկախության 21 ամյակներին:

Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը՝ համերգաշրջանը ևս հետաքրքիր է լինելու, Հայաստան են այցելելու բազմաթիվ մեծանուն երաժիշտներ:

Մեկնաբանել