Ֆիլհարմոնիկը կպատվի Հարությունյանին և Դուրյանին

Սեպտեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի հանդիսավոր բացումը: Առաջին համերգը նվիրվում է  Ալեքսանդր Հարությունյանին և Օհան Դուրյանին:

Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, սա Ալեքսանդր Հարությունյանին նվիրված ֆիլհարմոնիկի  առաջին համերգն է լինելու․ «Մենք չցանկացանք Մաեստրոյի մահից անմիջապես հետո նրա հիշատակին նվիրված համերգ նվագել: Քանի որ նա բոլորիս կողմից շատ սիրված էր՝ որոշեցինք, որ որոշ ժամանակ անց կնվագենք, որպեսզի հիշենք Հարությունյանին առանց սուր ցավի և տխրության»:

Այդ երեկո կհնչի Ալեքսանդր Հարությունյանի «Շեփորի կոնցերտը», որը կկատարի հայտնի շեփորահար Սերգեյ Նակարյակովը Իսրայելից: Նվագախմբի կատարմամբ կհնչի Հարությունյանի «Տոնական նախերգանքը»:  

Փառատոնի գոյության ընթացքում առաջին անգամ բացման համերգին կմասնակցի փառատոնի գեղարվեստական ղեկավար, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը: Նրա կատարմամբ կհնչի Հայդնի «Թավջութակի կոնցերտը»:

Համերգի երկրորդ բաժնում կկատարվի Բեռլիոզի «Ֆանտաստիկ սիմֆոնիան»՝ նվիրված Օհան Դուրյանի հիշատակին: Սեպտեմբերի ութը Մաեստրոյի ծննդյան օրն է: Խոսելով իր ուսուցչին նվիրված կատարման մասին՝ Էդուարդ Թոփչյանն ասաց. «Որքանով գիտեմ, դա Դուրյանի սիրելի ստեղծագործությունն է եղել: Նա Երևանում իր առաջին համերգին հենց այս սիմֆոնիան է հնչեցրել»: