Ազգային պատկերասրահում կբացվի նկարիչ Զաքար Խաչատրյանի ցուցահանդես

Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվելու է գեղանկարիչ Զաքար Խաչատրյանի գործերի ցուցահանդես, հայտնում է պատկերասրահի մամլո ծառայությունը:

Զաքար Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին Սիսիանի շրջանի Սառնակերտ գյուղում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, ծանր վիրավորվել: Վերադառնալուց հետո սովորել նախ Գորիսի մանկավարժական տեխնիկումում, ապա` Երևանի երաժշտական ուսումնարանում, Թերլեմեզյանի նկարչական ուսումնարանում և Երևանի գեղարվեստի ինստիտուտում: Խաչատրյանը բարձրագույն նկարչական կրթությունը շարունակել է Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում, արժանացել ռեպինյան և ստալինյան կրթաթոշակների: Պետական քննական հանձնաժողովի նախագահ, ԽՍՀՄ գեղարվեստների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Գերասիմովը հենց նրան է ընտրել իր արվեստանոցում ևս չորս տարի կատարելագործվելու համար:

Զաքար Խաչատրյանի ոգեշնչման և ստեղծագործության նյութն իր տեսած պատերազմն է, բնությունն ու մարդկային կյանքը`տարատեսակ դրսևորումներով:

Մեկնաբանել