«Ֆլեշ»-ի պատասխանը ԲՀԿ խոսնակին

«Տիգրան Ուրիխանյանը բավականին երիտասարդ է, հետևաբար` շատ էմոցիոնալ, ուստի շտապողականություն է դրսևորել` նման կերպ արձագանքելով «Իրատես de facto» թերթի հոդվածին»,- ասված է ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությանն ի պատասխան «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի տարածած հայտարարության մեջ:

«Նախ, լինելով ԲՀԿ մամուլի խոսնակ, պետք է լավ տեղեկացված լիներ, որ Գագիկ Ծառուկյանի և Բարսեղ Բեգլարյանի միջև որևէ հակասություն գոյություն չունի, այլ ինքն է փորձում սխալ մեկնաբանություններով արհեստական խնդիրներ ստեղծել:
Իսկ թե ինչ մրցակցության մեջ է մտել ԲՀԿ-ն երկրի վարչապետի հետ, որ առիթը բաց չի թողնում նրան քննադատելու, դա այլ խնդիր է: Ինչ վերաբերում է երկրում վարկանիշ ունենալուն և բարեգործական գործունեությանը, Բարսեղ Բեգլարյանը երբևէ չի գովազդել իր արածը` չունենալով քաղաքական առաջընթացի նպատակներ, ինչպես ունեն շատերը, ինչի համար էլ ծախսում են գրոշներ և ի լուր աշխարհի կոկորդ պատռում: Եվ ընդհանրապես, յուրաքանչյուրը համարձակություն պիտի ունենա խոստովանելու երկրի տնտեսական ծանր վիճակի համար մեղքի իր բաժինը և հետո միայն քննադատի կեցվածք ընդունի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, արձագանքելով «Իրատես de facto» թերթի հրապարակմանը, թե իբր Գագիկ Ծառուկյանը Անվտանգության խորհրդի նիստին չի մասնակցել, քանի որ նրա «իմացությունը չի բավարարում նման բարձր մարմնում ներկայացված լինելու համար», հայտարարել էր, որ հոդվածը պատվիրված է «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բերգլարյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից, որոնք նպատակ ունեն վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին: