Պետեկամուտների կոմիտեն մաքսային ընթացակարգերը կբարեփոխի €1 մլն դրամաշնորհով

Վերջին տարիներին Հայաստանի մաքսային ծառայությունը լուրջ բարեփոխումների փուլում է գտնվում, որոնք շարունակական բնույթ են կրում, այսօր Երևանում պաշտոնապես մեկնարկած ԵՄ «Թվինինգ» ծրագրին նվիրված միջոցառմանն ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը։ Նշենք, որ մաքսային ընթացակարգերի բարելավմանն ուղղված ու ԵՄ կողմից ֆինանսավորվող մոտ €1 մլն բյուջեով այս ծրագրի տևողությունը երկու տարի է:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ մաքսային համակարգի բարեփոխումներն իրականացվում են տարբեր ուղղություններով, մասնավորապես՝ մաքսային ընթացակարգերի պարզեցում, բիզնեսի համար շահավետ պայմանների ստեղծում, էլեկտրոնային հայտարարագրման, էլվճարների համակարգի, ամբողջական կանաչ ուղու ներդրում և այլն:

«Նշված ոլորտներում արդեն իսկ նկատվում է զգալի առաջընթաց, սակայն հաշվի առնելով մաքսային վարչարարության կատարելագործման պարբերական բնույթը՝ մենք մշտապես շարունակում ենք համակարգի գործունեության չափանիշներն ու ընթացակարգերը մոտեցնել եվրոպական չափանիշներին: Իրականացված բարեփոխումներում լուրջ ներդրում է ունեցել նաև Եվրամիությունը՝ խորհրդատվության տարբեր գործիքների միջոցով: Մասնավորապես ՊԵԿ-ը 2008-ից ի վեր արդեն իսկ 4 անգամ օգտվել է ԵՄ աջակցության «Թայեքս» գործիքից»,- նշել է կոմիտեի նախագահը։ Նրա խոսքով, շուտով կսկսվեն հայ-վրացական պետական սահմանին երեք անցակետերի վերակառուցման և արդիականացման աշխատանքները։ Լայնածավալ փոփոխություններ են նախատեսվում նաև օրենսդրական մակարդակում։

Ըստ ՊԵԿ-ի հաղորդագրության՝ 2012թ. հունիսին ՊԵԿ-ում մեկնարկած «Թվինինգ» ծրագիրն իրականացվում է Լիտվայի և Ֆինլանդիայի մաքսային ծառայությունների կոնսորցիումի կողմից։ Այն ենթադրում է իրավական դաշտի, նախաբացթողումային մաքսային հսկողության ընթացակարգերի կատարելագործում, գործարարների հետ հարաբերությունների բարելավում և մաքսային հսկողության ընթացակարգերի պարզեցում, ռիսկերի կառավարման համակարգի ամրապնդում, հետբացթողումային հսկողության և աուդիտի բարելավում, ռիսկերի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի զարգացում:

Մեկնաբանել