Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնումը համապատասխանում է Եվրոպական կոնվենցիային, իսկ ներման շնորհումը՝ Ադրբեջանի օրենքներին, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հաղորդում է 1news.az-ը:
«Նրանք, ովքեր ասում են, թե տվյալ պարագայում օրենք է խախտվել, չգիտեն իրողությունը: Հայաստանը բանակցային գործընթացում ցանկանում է պահպանել ստատուս քվոն և այդ իսկ պատճառով օգտագործում է տվյալ հարցը»,- ասել է նա:
Ալիևը նշել է, որ «Ռամիլ Սաֆարովը մոտ 9 տարի կրել է պատիժը, և նրա ազատ արձակումը համապատասխանում է օրենքներին»:
Հիշեցնենք, որ Ռասմուսենն այսօր Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ խորապես մտահոգված է սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի որոշմամբ, քանի որ այն վնասում է վստահությանը և չի նպաստում խաղաղ գործընթացին: