Այսօր Նիկոլ Գալանտերյանի ծննդյան օրն է

«Բարի էր, նույնիսկ չափից ավելի, իր մասին եղած աչառու քննադատություններին անտարբեր էր ու ժպտերես և, որ գլխավորն է, մեծահոգի ու ներող… Ինչքա՜ն են թյուրիմացաբար կամ դիտավորյալ երգվել իր երգերն այս ու այն կողմ, առանց հիշելու նույնիսկ անունը… Միշտ ուրախ, միշտ լավ ու միշտ շնորհակալ բոլորից»,- հայ անվանի երգահան, քաղաքային ռոմանսի հիմնադիր Նիկոլ Գալանտերյանին այսպես է բնութագրել ժամանակակիցներից մեկը:

Նիկոլ Գալանտերյանը ծնվել է 1881 թ. սեպտեմբերի 7-ին, պատմական Հայաստանի Ակն քաղաքում` Եփրատի աջ ափին: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Երգեցողություն է դասավանդել Շումենի, Վառնայի, Թեհրանի հայկական դպրոցներում: 1911-ից ապրել է Թեհրանում: 1925-ին կազմակերպել է «Գողթան» (1942-ից`«Գալանտերյան») երգչախումբը: Գալանտերյանի երգերը գրված են քաղաքային ժողովրդական երգերի ոճով` Վահան Տերյանի, Հովհանես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Միսաք Մեծարենցի, Դևի և այլոց բանաստեղծությունների հիման վրա:

Գալանտերյանը մեծ ժառանգություն է թողել՝ 1000-ի հասնող ստեղծագործություններ` սիրերգեր, սոնետներ, ժողովրդական երգերի մշակումներ, մանկական երգեր, խմբերգեր, պիեսներ ջութակի, թավջութակի, դաշնամուրի համար … Նա օպերայի է վերածել Վահան Միրաքյանի «Լալվարի որսը», Հովհաննես Թումանյանի «Փարվանան», Վրթանես Փափազյանի «Լուր-դա-լուրը» (երեք արարով այս օպերան անվանվել է «Հովիվ»):

Գրել է նաև մանկական օպերաներ, որոնք նույնպես բեմադրվել են Իրանի հայաշատ քաղաքներում՝ «Չարի վերջը», «Պողոս-Պետրոս», «Ծաղիկների երգը», «Պապն ու շաղգամը», «Կնունք-կնունք», «Ծիծեռնակի գալուստը», «Երեք արջեր», «Ուլիկը»: Գալանտերյանի մահից հետո երաժշտական ամբողջ ժառանգությունը նրա աղջիկներն ուղարկել են Երևան: Այն պահվում է Երևանի Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ Շատերը կատարել և կատարում են նրա երգերը` չիմանալով հեղինակին․ «Ես չգիտեմ` ուր են տանում հեռավոր…», «Հեռանալ, մոռանալ», «Արդյոք հիշո՞ւմ ես», «Կարուսել», ( Վահան Տերյանի), «Դու նորից եկել ես..», «Իմ ուղին», «Լույսերը մարան» (Դև), «Ես իմ անուշ Հայաստանի» (Չարենց), «Փոքրիկ տղան» (Գյոթե)…

Մեկնաբանել