Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ-ում շուրջ երկու տասնյակ անդամ երկրների հավատարմագրված դեսպաններին, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նալբանդյանը նշել է, որ այս տարի նշվում է ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության քսանամյակը, և այս տարիներին Հայաստանն իր ակտիվ մասնակցությունն է բերել կազմակերպության գործունեության հիմքը կազմող բոլոր երեք հարթություններում և նպաստել կառույցի արդյունավետության և հեղինակության բարձրացմանը:

Նախարարը հավելել է, որ ավելի քան տասը տարի գործող ԵԱՀԿ երևանյան գրասենյակը իր զգալի ներդրումն ունի Հայաստանում պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների, քաղաքացիական հասարակության զարգացման, բնապահպանական խնդիրների լուծման գործում:

Դեսպանների խնդրանքով Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունները, միջազգային օրակարգի խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները, տարածաշրջանային հակամարտությունների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ քննարկումները կշարունակվեն նաև վաղը:

Մեկնաբանել