Ֆրանսիան պաշտոնապես օժանդակում է Սիրիայի ընդդիմադիր զինյալներին

Ֆրանսիական կառավարությունը քննարկում է սիրիական ընդդիմությանը ծանր զենքեր մատակարարելու տարբերակներ` ձգտելով դա իրականացնել հատկապես այն շրջաններում, որոնք ընդդիմության վերահսկողության տակ են գտնվում. այս տեղեկությունը եգիպտական «Ախբար Ալ Շարք Ալ Աուսաթ» թերթին հաղորդել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա:

Աղբյուրը նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ի օրինակին հետևելով` Ֆրանսիան ևս կառավարման դասընթացներ է կազմակերպելու որոշ շրջաններում վերահսկողությունը ստանձնած ընդդիմադիրներին համար: Նա նաև հայտնել է, թե «վարչակարգի հարձակումներից պաշտպանվելու համար» ընդդիմադիրներին ծանր հրետանի են տրամադրելու:

Լիբանանյան «Ալ Ախբար» թերթը հաղորդում է, որ Ֆրանսիան սկսել է իր օգնությունը տրամադրել անցյալ ուրբաթ օրվանից՝ նպատակ ունենալով ընդդիմադիրների կողմից վերահսկվող տարածքներում սիրիացիներին խրախուսել երկրում մնալ, ոչ թե` դրսում ապաստանել: Թերթի փոխանցմամբ` այդ տարածքները Հալեպի, Իդլիբի և Դեր Զորի նահանգներն են: Ըստ Ֆրանսիացի պաշտոնատարի` այս տարածքներն «անհնար է, որ վերստին վարչակարգի ուժերի ձեռքն ընկնեն»:

Մեկնաբանել