Հայաստան – Հոլանդիա` 3։1. օլիմպիական հերթական ոսկուց մեկ քայլ

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի նախավերջին` 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Հոլանդիայի ընտրանու նկատմամբ և վերջին տուրում հաղթելու դեպքում կարող է նվաճել օլիմպիական 3-րդ ոսկե մեդալը:

Առաջին խաղատախտակի վրա մրցաշարի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով հաղթեց Անիշ Գիրիին, 2-րդ տախտակի վրա Սերգեյ Մովսեսյանը միավորը կիսեց Լյուկ վան Վելիի հետ, 3-րդի վրա Վլադիմիր Հակոբյանը կրկին սևերով առավելության հասավ Իվան Սոկոլովի նկատմամբ, իսկ վերջին պարտիայում Գաբրիել Սարգսյանը ձեռքից բաց թողեց հսկայական առավելությունն ու կես միավորով բավարարվեց Յան Սմիթի հետ պայքարում:

Նշենք, որ եզրափակիչ տուրը կկայանա սեպտեմբերի 9-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 12:00-ին: