«Ժառանգության»` ավագանու անդամի թեկնածուները Կապանում և Մասիսում

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններում «Ժառանգություն»-ը Կապանում առաջադրել է Սամվել Հայրապետյանի, իսկ Մասիսում` Գևորգ Մինասյանի թեկնածությունը՝ քաղաքային ավագանու անդամի համար:

Սամվել Հայրապետյանը կուսակցության բազմամյա համակիրներից է, ակտիվիստ, այժմ նաև` կուսակցական: Ծնվել է 1954-ին Կապանում, ուսանել է ըմբշամարտ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Աշխատանքային գործունեությունը սկսել է հուշանվերների ձեռնարկությունում, ավելի ուշ նկարիչ-ձևավորող է աշխատել Կապանի Երկրագիտական թանգարանում, այժմ աշխատում է «Շիկահող» պետական արգելոցում: Ղարաբաղյան ազատամարտի մասնակից է, ռազմական գործողությունների առաջին օրերից մասնակցել է Կապանի սահմանների պաշտպանությանը, այնուհետ՝ Կապանում առաջին փորձնական գումարտակի ստեղծմանը, 1992-ին, որպես կամավորական ջոկատի հրամանատար, մասնակցել է Լաչինի պաշտպանական մարտերին, ավելի ուշ՝ Ղազանչիի գրավմանը: ՀՀ ՊՆ-ի կողմից արժանացել է պատվոգրերի և մեդալների:

Գևորգ Մինասյանը «Ժառանգության» Մասիսի ստորաբաժանման երիտասարդական թևի ղեկավարն է, ծնվել է 1989-ին, սովորել է Երևանում, Ավանդական բժշկության համալսարանի Ստոմատոլոգիայի ֆակուլտետում, այնուհետ՝ «Հայբուսակ» համալսարանի մագիստրատուրայում: Այժմ կրթությանը զուգահեռ նաև աշխատում է Մասիսում՝ իր մասնագիտությամբ: Քաղաքականության մասին առաջին պատկերացումները և հիշողությունները վերաբերում են 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերին, առաջին մասնակցությունը հասարակական-քաղաքական զարգացումներին եղել են 2007-ի, 2008-ի ընտրարշավները: 2010-ից անդամագրվել է «Ժառանգությանը»: Մասիսում առաջնային է համարում ավտոճանապարհների, մթնոլորտային ավազանի աղտոտվածության և ընդհանուր բարեկարգման խնդիրները:

Հորդորելով Կապանի և Մասիսի ընտրողներին ձայնը տալ «Ժառանգության» թեկնածուների օգտին՝ կուսակցությունը նաև կոչ է անում Վերին Արտաշատ և Նորապատ համայնքներում քվեարկել հօգուտ ավագանու անդամի թեկնածուներ Արարատ Միքայելյանի և Գագիկ Մարգարյանի, Ոսկեհատ, Անի ավան և Ազատան համայնքներում՝ հօգուտ համայնքապետի թեկնածուներ Հովհաննես Գնոյանի, Դավիթ Դավթյանի և Կարապետ Ազատյանի: