ԱԻՆ-ը վերազինվում է տրանսպորտային ցանցի և կարևոր օբյեկտների պաշտպանության նոր համակարգով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն էին այցելել հայտնի «Էրիքսոն» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Ավետիք Քալանթարյանը, մասնագետներ Ռուսաստանից և Ուկրաինայից։ Հանդիպելով նախարարության ղեկավար կազմի անդամների հետ` «Էրիքսոնի» մասնագետները ներկայացրել են ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» արագ արձագանքման ծառայության տեխնիկական լուծումների իրենց տարբերակը. այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Քալանթարյանը նշել է, որ իրենք Հայաստան են բերում առաջավոր տեխնոլոգիաներ։ Ռուսաստանից ժամանած Անդրեյ Չիստովը ներկայացրել է «Էրիքսոնի» CoordCom համակարգը, որն, ըստ էության, կապի ու հաղորդակցություն բոլոր տեսակները միավորող հանգույց է։ 

«Այս համակարգը մշակվել է 27 տարի առաջ և կիրառվում է աշխարհի տարբեր զարգացած երկրներում` հիմնականում արտակարգ իրավիճակների, տրանսպորտային ցանցի և կարևոր օբյեկտների պաշտպանության համար։ CoordCom համակարգը հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով որոշել ահազանգողի գտնվելու վայրը և ձայնագրում նրա հետ խոսակցությունը։ Զանգի ընթացքում օպերատորը կարող է միաժամանակ կապվել համապատասխան փորձագետի հետ ու ստանալ մասնագիտական խորհրդատվություն։ Եթե օպերատորը չի կարող տվյալ պահին զանգ ընդունել, այն ավտոմատ փոխանցվում է մյուս օպերատորներին։  Համակարգում կարող է տեղադրվել շվեդական ResQmap ինտերակտիվ քարտեզը, որը ցույց է տալիս դեպքի վայրին մոտ գտնվող ուժերի քանակն ու վիճակը, իսկ կառավարվող տեսախցիկների օգնությամբ կարելի է դեպքի վայրում գտնվող տեսախցիկը շարժել տարբեր ուղղություններով ու հետևել արձագանքման ընթացքին։ Տեսահսկողության ծառայությունը հնարավորություն ունի ճանաչել մարդկանց դեմքերը, տրանսպորտային միջոցն ու դրա պետհամարանիշը։ CoordCom համակարգը կառուցված է պարզ և մատչելի ծրագրային ապահովմամբ և համատեղելի է գրեթե բոլոր ծրագրերի ու կապի միջոցների հետ»,- ասել է նա։

Նշենք, որ այս համակարգով են աշխատում շվեդական «SOS Alarm» ընկերությունը, Իսպանիայի Վալենսիա քաղաքի, Ռումինիայի, Խորվաթիայի և Սլովակիայի արտակարգ իրավիճակներին արձագանքող ծառայությունները, Մայամիի և Կոպենհագենի օդանավակայանները: