Անհիմն մեղադրանքները մեկնաբանության կարիք չունեն. վարչապետի մամուլի խոսնակ

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը պատասխանել է ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանի` ՀՀ վարչապետին ուղղված մեղադրանքին:

«Հարգելի գործընկերներ, ձեզանից շատերի՝ Տ. Ուրիխանյանի հայտարարության կապակցությամբ մեկնաբանություն ստանալու հարցումներին ի պատասխան հայտնում եմ, որ նմանատիպ հայտարարությունները մեկնաբանության կարիք չունեն։ Վերջին տարիներին վարչապետ Տիգրան Սարգսյանի և իր ընտանիքի հասցեին հնչել են բազմաթիվ անհիմն մեղադրանքներ և զրպարտություններ։ Երիտասարդ գործչի խոսքերը այդ շարքին են պատկանում»,- նշել է  ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, արձագանքելով «Իրատես de facto» թերթի հրապարակմանը, թե իբր Գագիկ Ծառուկյանը Անվտանգության խորհրդի նիստին չի մասնակցել, քանի որ նրա «իմացությունը չի բավարարում նման բարձր մարմնում ներկայացված լինելու համար», հայտարարել էր, որ հոդվածը պատվիրված է «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից, ովքեր «նպատակ ունեն վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին»: