Եթե այս էսկալացիան շարունակենք, մեծ վնաս կկրենք. Արամ Մանուկյան

Ոչ միայն Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու ներման նկատմամբ է պետք նախանձախնդիր դժգոհություն դրսևորել, այլև` յուրաքանչյուր հայ զինվորի կամ սպայի սպանության` խաղաղ պայմաններում հայոց բանակում մահվան նկատմամբ. այսօր նշեց «ՀԱԿ» խմբակցության անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Հայկական ուրբաթ» հաղորդման սրահում:

Թվելով Հայաստանի սոցիալ-տնտեսական դժվարություններն ու դատական անհավասար-անարդար համակարգի թերությունները` նա ընդգծեց. «Հայաստանի կամուրջները հիմնականում ինքնասպանությունների համար են ծառայում: Եվ դա բարոյահոգեբանական վիճակի լավագույն գնահատականն է: Սա դժբախտաբար, մեր երկրի վիճակն է»:

Ըստ Մանուկյանի` հայն իր երկրում համարձակ ու ինքնավստահ չէ, քանի որ չունի դրա համար անհրաժեշտ դրամական միջոցներ. «Պարսիկը գալիս է էստեղ փողով` համարձակ ման է գալիս մեր փողոցներով, հայը դուրս է գալիս իր երկրից` առանց փողի, անհամարձակ. փող ունենար, չէր գնա երկրից, էստեղ կապրեր»:

Նրա դիտարկմամբ` աշխարհը շատ ավելի մեղմ արձագանքեց ադրբեջանա-սաֆարովյան աղմուկին, քան եթե, ենթադրենք, սպանողը լիներ հայ: «Ցավոք սրտի, այս վերաբերմունքը արժանի գնահատական է,- ասաց նա,- աշխարհում մեզ լուրջ չեն վերաբերում, քանի որ լուրջ խաղացող չենք»:

Արամ Մանուկյանը վստահ է, որ նույնիսկ այս դեպքի շրջանակում մեր պաշտոնյաներն ու մասնագետները ճիշտ չեն գործում. «Անգամ այս իրավիճակում, երեկ մեր պառլամենտում մրցավազք էր` ով ավելի շատ Կարթագեն կհիշեցնի, ով շատ կնշի, որ մեր բոլորի երակներում Սողոմոն Թեյլերյանի արյունն է եռում, անպայման պիտի վրեժ լուծենք, և այլն, սակայն օրենսդիր մարմինը դրանով չպիտի զբաղվի: Դա կարող են անել հասարակական կազմակերպություններ, հայրենակցական միություններ, ինչ-որ գործիչներ, բայց դա պառլամենտյորի գործը չի: Եթե մենք էս էսկալացիան շարունակենք, ապա Ղարաբաղյան գործընթացը, որ եռանախագահողների կողմից է առաջ տարվում, լրիվ կշահարկվի, ուրիշ կողմ կտարվի, և մենք վնաս կկրենք: Վնասը կլինի ոչ միայն Հայաստանինը, այլև` Ղարաբաղինը, Ադրբեջանինը. կրկնում եմ, Ղարաբաղն էլ է դատարկվում: Էս պրոցեսի շարունակվելու դեպքում` բանակցային պրոցեսից դուրս գալու դեպքում, ամբողջ աշխարհին, Եվրախորհրդին, եռանախագահներին, միջազգային հանրությանը վանելու դեպքում, մենք միայն ու միայն մինուսներ կկրենք»:

Մանուկյանն իր խոսքը եզրափակեց սթափության կոչով. «Ես դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին, իմ բոլոր գործընկերներին` հատկապես պառլամենտին. զերծ մնացեք էդ բոլոր տղայական բաներից, հոխորտացող, աքլորային դրսևորումներից: Պետությունը լուրջ բան ա, ծանր բան ա, ու էդպիսի դրսևսրումները միայն հարված են բերում բոլոր գործընթացներին: Սթափ եղեք, տեր կանգնեք էդ գործընթացին, ռեալ քաղաքականությամբ զբաղվեք: Մի մոռացեք, որ մենք գտնվում ենք լարված պրեզիդենտական ընտրություններից առաջ, նույն լարվածությունը ռեգիոնում ա, Ռուսաստանում ա, էս մարտահրավերներին մենք պիտի լուրջ մոտենանք»:

Մեկնաբանել