Նոր նամականիշ` նվիրված ԵԱՀԿ-ին ՀՀ մասնակցության 20-ամյակին

«Հայփոստ թրասթ մենեջմենթ», «Հայփոստ» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ թողարկվել է նոր նամականիշ` նվիրված ԵԱՀԿ-ին ՀՀ մասնակցության 20-ամյակին:

«Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) Հայաստանի Հանրապետության մասնակցության 20-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ երեկ մարվեց և շրջանառության մեջ դրվեց այդ հոբելյանին նվիրված նամականիշ: Մարումն իրականացրեցին Արտաքին գործերի նախարար Եդվարդ Նալբանդյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ԵԱՀԿ դեսպանների պատվիրակության ղեկավար Իոյն Օ Լիրին, կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

Նամականիշի վրա պատկերված է Վիեննայի Հոֆբուրգի համաժողովների կենտրոնը` ԵԱՀԿ-ի քաղաքական քննարկումների և հանդիպումների կենտրոնակայանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և ԵԱՀԿ դրոշները:

1992թ-ի հունվարի 30-ին Հայաստանի Հանրապետությունը դարձավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի /այժմ ԵԱՀԿ/ լիիրավ մասնակից պետություն` ԵԱՀԽ նախարարների խորհրդի որոշման համաձայն: ԵԱՀԿ-ի հետ առավել գործուն համագործակցության Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամությանը արձագանքելով ԵԱՀԿ Մշտական խորհուրդը 1999 թ-ի հուլիսի 22-ին որոշում կայացրեց Երևանում հիմնել ԵԱՀԿ գրասենյակ: Այն գործում է 2000 թ.-ից ՀՀ-ի և ԵԱՀԿ միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո:

ԵԱՀԿ-ն հանդիսանում է անվտանգության հարցերով աշխարհում ամենամեծ միջկառավարական կազմակերպությունը, որի կազմում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 56 մասնակից երկրներ: Նրա մանդատը ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են զինուժի վերահսկողությունը, մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, արդար ընտրությունները:

Ի թիվս այլ նամականիշերի, 2012թ. Հայփոստն արդեն մարել և շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետության ՄԱԿ-ի անդամ դառնալու 20-ամյակին նվիրված, Հայ-Ռումինական համատեղ թողարկման նամականիշեր, ինչպես նաև Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված նամականիշով ծրարը: Առաջիկայում կմարվեն ՀԱՊԿ-ի տարելիցին նվիրված եւ այլ նամականիշեր:

Նամականիշի տեխնիկական տվյալներն են.

Դիզայնը` Վ. Մկրտչյան

Տպարանը` CARTOR /Ֆրանսիա/

Անվանագինը` 330 ՀՀ դրամ

Տպաքանակը` 40 000»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել