ՆԱՏՕ-ն դառնում է գլոբալ հանգույց

Ի՞նչ պետք է անի դաշինքը, երբ իր առաջատար անդամը կամ գերիշխող հենասյունը որոշում է ուշադրության կենտրոնը տեղափոխել աշխարհի մյուս հատված: Այն պահից ի վեր, երբ անցած տարի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն ուշադրությունը սևեռում է Ասիայի վրա, ՆԱՏՕ-ի ղեկավարները ստիպված էին փնտրել այս հարցի պատասխանը և ուսումնասիրել դաշինքի գլոբալ դերը:

ՆԱՏՕ-ի ղեկավարները քննարկել են իրենց մոտեցումը Չինաստանի և Ռուսաստանի նման երկրների հետ հարաբերությունների հարցում, երկրներ, որոնք ՆԱՏՕ-ն դեռ համարում են պոտենցիալ սպառնալիք, քան իրական գործընկեր: Եվ նրանք ստիպված էին մտածել, թե արդյոք պե՞տք է ներգրավվել ավելի շատ առաքելություններում, որոնք դուրս են Հյուսիսատլանտյան տարածաշրջանից, օրինակ՝ Աֆղանստանում, որտեղ 22 երկիր, այդ թվում՝ Սալվադորը, Մալայզիան, Մոնղոլիան, Սինգապուրը և Տոնգան, ուժեր են տեղակայել ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող Միջազգային անվտանգության աջակցության ուժերի ներքո:

Մայիսին՝ Չիկագոյում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովից ի վեր, այս կառույցի անդամ երկրների ղեկավարները քայլեր են ձեռնարկել հստակեցնելու, որ գլոբալ անվտանգություն ապահովելու հարցում դաշինքի դերը տարածվում է Աֆղանստանից այն կողմ: Նրանք վերահաստատել են հավաքական պաշտպանության կարևորությունը, ինչն ամրապնդում է անվտանգության մարտահրավերներին դիմակայելու նրանց կարողությունը (նույնիսկ տնտեսական խնայողական միջոցների կիրառման ժամանակ) Հյուսիսատլանտյան գոտուց դուրս գտնվող տարածաշրջաններում, ինչն առավել տեսանելի էր Աֆրիկայում (Լիբիա և Ադենի ծոց):

Ի դեպ՝ անցած տարի ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ ավելի քան 150 հազար զինվորական երեք մայրցամաքներում վեց գործողության է մասնակցել: Նոր կարողությունների մեծ մասը, որ ՆԱՏՕ-ն ձեռք է բերում, ուղղված են ռազմարշավների կարողություններն ուժեղացնելուն, քան ավանդական պաշտպանությանը:

Դաշինքի արտատարածաշրջանային գործողություններն ընդլայնելու կողմնակիցները ընդգծում են, որ թեև ՆԱՏՕ-ն տարածաշրջանային դաշինք է, այն առերեսվում է գլոբալ սպառնալիքների, որոնց հնարավոր է հակազդել միայն միջազգային լայն համագործակցության միջոցով:

Հյուսիսատլանտյան տարածաշրջանից դուրս գերիշխանություն չհաստատելով և միջազգային գործընկերների ճկուն շրջանակ ձևավորելով՝ նրանք հույս ունեն հաղթահարել դիմադրությունը Դաշինքի այս ընդլայնվող դերի դեմ:

ՆԱՏՕ-ն, կարելի է ասել, գլոբալ դեր է ստանձնում՝ գործընկերային հարաբերություններ հաստատելով Ճապոնիայի և Ավստրալիայի պես հեռավոր երկրների հետ, որպեսզի անվտանգության գործողությունների մասնակցի հեռավոր այնպիսի վայրերում, ինչպիսին Կենտրոնական Ասիան, Աֆրիկան և Արկտիկան են: Երկու կողմերն էլ օգտվում են գործընկերային այս նոր հարաբերություններից. գործընկերները կոնկրետ, արժեքավոր ներդրումներ են կատարում դաշինքի հաջողության գործում, իսկ ՆԱՏՕ-ն բարելավում է նրանց անվտանգությունը:

Հակառակ որոշ խոչընդոտների՝ ՆԱՏՕ-ի արտատարածաշրջանային արշավները կարող են ծառայել որպես համոզիչ ապացույց, որ դաշինքը անվտանգության միակ բազմազգ հաստատությունն է, որն ի վիճակի է ողջ աշխարհում տևական, բարձր ինտենսիվության մարտական գործողություններ իրականացնել: Լիբիայում և Ադենի ծոցում դաշինքը մեկտեղեց անդամ երկրների ռազմական ակտիվները և ներդրումներ հավաքեց այլ գործընկերներից: Ի թիվս այլ երկրների՝ Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Մարոկկոյի զորքերի մասնակցությունը և այս արշավներն օրինականացնելու հարցում Միավորված ազգերի կազմակերպության և Արաբական լիգայի դերը ցուցադրեցին ՆԱՏՕ-ի զարգացող դերը որպես գործընկերության գլոբալ ցանցի հանգույց:

2009թ. օգոստոսից ի վեր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելուց հետո Անդերս ֆոգ Ռասմուսենն ընդունել է այդ դերը՝ անխոնջ կերպով պնդելով, որ դաշինքի անվտանգության գլխավոր սպառնալիքները գլոբալ մարտահրավերների արդյունք են՝ ձախողված պետություններ զարգացող տարածաշրջաններում, միջազգային կիբերհանցագործություններ, ահաբեկչական ցանցեր, զանգվածային ոչնչացման զենքերի տարածում, ծովահենություն, էներգիայի մատակարարումների ընդհատումներ և կլիմայի փոփոխություններ: Համապատասխանաբար, ՆԱՏՕ-ի նոր Ռազմավարական հայեցակարգը, որն ընդունվել է 2010թ. Լիսաբոնի գագաթաժողովին, դաշինքին կոչ է անում դառնալ ավելի ճկուն և բազմաֆունկցիոնալ, որպեսզի այն կարողանա հակազդել աշխարհագրորեն և տեխնոլոգիապես տարաբնույթ աղբյուրներից բխող սպառնալիքներին:

ԱՄՆ-ի պաշտոնյաներն ընդունել են Ռասմուսենի տեսլականը՝ ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնը Ասիա տեղափոխելու որոշումը բացատրելիս մեջբերելով նրա տրամաբանությունը: Ասիայից եկող գլոբալ անվտանգության սպառնալիքներին հակազդելով՝ նրանք պաշտպանում են իրենց Հյուսիսատլանտյան դաշնակիցներին:

Այս զարգացումը դիտորդներին, մասնավորապես Եվրոպայից դուրս, ստիպել է մտածել ՆԱՏՕ-ի հետ հետագա համագործակցության բնույթի մասին: Արդյոք դաշինքը առաջատար դեր կստանձնի՞ հավաքական անվտանգության առաքելությունների ժամանակ, ինչպես օրինակ՝ Աֆղանստանում: Արդյոք այն կհամագործակցի՞ հավասարը հավասարի սկզբունքով, ինչպես օրինակ՝ Սոմալիի ծովահենների դեմ պայքարում: Կամ արդյոք դաշինքը պատրաստ կլինի՞ ավելի շատ աջակցողի դեր կատարելուն, ինչպես օրինակ՝ Աֆրիկյան միության և Իրաքի անվտանգության ուժերին լոգիստիկ օժանդակություն տրամադրելու հարցում է:

Ավելին՝ այս «գլոբալ ՆԱՏՕ»-ն մտահոգություններ է առաջացրել գերտերությունների շրջանում: Թեև ՆԱՏՕ-ն կարող է Հնդկաստանն ու Բրազիլիան դիտարկել որպես ապագա գործընկերներ, Չինաստանն ու Ռուսաստանը դեռ մտահոգություն ունեն, որ դաշինքը կարող է իրենց դեմ գլոբալ զսպման ռազմավարություն իրականացնել կամ փորձել ՄԱԿ-ի տեղն զբաղեցնել որպես գլոբալ անվտանգության առաջատար հաստատություն:

Չիկագոյի գագաթաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները արձագանքեցին այս մտահոգությունների մի մասին: Նրանք երաշխիքներ տվեցին, որ թեև ՆԱՏՕ-ն գլոբալ մոտեցում է որդեգրել անվտանգության հարցում, Եվրոպայից և Աֆղանստանից դուրս դաշինքի հիմնական գործողությունները, նախևառաջ, կներառեն երկխոսություն գործընկերների հետ, իսկ հատուկ դեպքերում՝ ՄԱԿ-ի մանդատի ներքո անվտանգության այլ հաստատությունների հետ համատեղ պաշտպանական միջոցներ, ինչպես օրինակ՝ Ադենի ծոցում: ՆԱՏՕ-ն բացահայտ կերպով ընդունել է ՄԱԿ-ի յուրօրինակ դերը գլոբալ անվտանգության հարցում և ընդգծում է, որ իր նպատակը ՄԱԿ-ի հետ համագործակցելն է, ոչ թե նրան փոխարինելը:

Արտաքին գործընկերների հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունը կարող է ընդլայնվել և ներառել այնպիսի հարցեր, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունների հետ կապված խնդիրների հաղթահարումը և Արկտիկայում ու կիբեր ոլորտում անվտանգության խթանումը: Նոր գործընկերներին դաշինքը կարող է առաջարկել նաև անվտանգության սեկտորի բարեփոխումների գործիքներ, որոնք այն կիրառել է նախկին Խորհրդային Միության երկրներում, իսկ բոլորովին վերջերս՝ Մերձավոր Արևելքում՝ նպատակ ունենալով ապահովել, որ տարածաշրջանում զինվորականները հարգեն մարդու իրավունքները և քաղաքացիական հասարակությանը:

Սակայն ՆԱՏՕ-ի անդամ երկրները դեռ նոր են սկսել մտածել, թե ինչ քաղաքականություն պետք է վարեն գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար, ինչ հնարավորություններ են իրենց անհրաժեշտ սեփական անվտանգության նպատակներին հասնելու համար և ինչպես համագործակցեն ոչ արևմտյան հաստատությունների և երկրների հետ:

Յուրաքանչյուր պետություն, որը ցանկանում է օգտվել ՆԱՏՕ-ի այս նոր, գլոբալ դերից կամ մտահոգված է դրա հետևանքներով, պետք է ներգրավվի այս գործընթացի ձևավորման գործում: 

Ռիչարդ Ուից

Մեկնաբանել