Հայաստանի հետ կփորձենք նույն ոճով խաղալ. Պենև

Աշխարհի առաջնության ընտրական փուլում Իտալիայի հետ արդյունավետ ոչ-ոքի (2:2) խաղալուց հետո Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենևը հույս է հայտնել, որ իրենց ազգային հավաքականը երկարատև ընդմիջումից հետո կրկին կկարողանա Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

«Ինչո՞ւ ոչ: Մենք կարող ենք դուրս գալ 2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Մեծ նպատակներ եմ դրել թիմի առջև և ոչ մի ջանք չենք խնայում դրանց հասնելու համար: Արդյունքը շատ կարևոր է մեզ համար: Պետք է հաղթենք մեր խաղերը: Ցավոք չստացվեց Իտալիային հաղթել և ստիպված ենք ընդունել, որ ընդամենը 1 միավոր վաստակեցինք:

Այժմ հաջորդ հանդիպման մասին ենք մտածում: Պետք է առաջ շարժվենք և նույն ոճով խաղանք Հայաստանի դեմ: Շատ կարևոր է Հայաստանի հետ խաղում շարունակել մեր համարձակ ելույթը:

Մենք կատարյալ առավելություն ունեինք Իտալիայի նկատմամբ և մրցակցից շատ ավելի շատ գոլային պահեր ստեղծեցինք: Եվ գիտենք, որ այսպես շարունակելու դեպքում շատ գոլեր կխփենք»,- ասել է Պենևը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com