Կրկեսի շենքը պայթեցվեց

Դեռ երեկ՝ ժամը 17:55-ին, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տարածել էր հայտարարություն, ըստ որի այսօրժամը 15:30-16:30-ի սահմաններում  պիտի իրականացվեին Կրկեսի շենքի պայթեցման աշխատանքներ:

«Մեր քաղաք»-ը նախաձեռնությունը հաղորդագրությամբ իր անվստահությունն էր հայտնել կրկեսի շենքի շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ: «Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ելնելով

1. իշխանությունների նկատմամբ ձևավորված անվստահության մթնոլորտից,

2.նախկինում իրականացված անօրինական գործողություններից (Մաշտոցի պուրակում բուտիկների տեղադրում, տեղադրման աշխատանքների իրականացում գիշերով, Նալբանդյան 106-ի ծառերի հատում, ԱՕՔՍ-ի շենքի հետնամասի ապամոնտաժում, Հին Երևան նախագծի շենքերի «ապամոնտաժում» և ապամոնտաժված շենքերի քարերի անհայտացում և այլն),

3.կրկեսի վերակառուցման աշխատանքների աստիճանաբար իրականացումից (թվում է թե քաղաքացիների «աչքերին սովորեցնում են» կրկեսի շենքի չլինելը),

4. ապամոնտաժման մասին միայն նախօրեին երեկոյան տեղեկացնելու փաստից

մեր անվստահությունն ենք հայտնում կրկեսի շենքի շուրջ ընթացող գործընթացների և վերակառուցման ընթացքի վերաբերյալ և պահանջում ենք, որ վերակառուցման և վաղվա, սեպտեմբերի 8-ի պայթեցման աշխատանքները դադարեցվեն, իրականացվեն հանրության լայնամաշտաբ իրազեկման աշխատանքներ, հանգամանալից ներկայացվեն պայթեցման աշխատանքների անհրաժեշտությունը»:

Այսօր «Առավոտ»-ը շուրջ մեկ ժամ հեռարձակեց կրկեսի շենքը, որը պիտի այդ ժամանակ պայթեցվեր, սակայն նախատեսված ժամանակ պայթյունը չկայացավ. քաղաքացի Կարեն Հարությունյանը, մտնելով կրկեսի դարպասներից ներս, պահանջում էր իրեն ցույց տալ այն փաստաթղթերը, որոնց հիման վրա նախատեսվել է իրականացնել պայթյունը: Ոստիկանների միջամտությամբ աշխատակիցները փորձում էին հեռացնել քաղաքացուն` պահանջելով, որ նա սպասի մինչև երկուշաբթի և թույլատրությունների փաստաթղթերը պահանջի Երևանի քաղաքապետարանից: Ի վերջո, քաղաքացին հեռացել է` ստանալով խոստում ԱԻ նախարարության Երևանի փրկարար վարչության պետ, գնդապետ Միշա Ղազարյանից, որ իրեն կներկայացվեն փաստաթղթերը։

Կրկեսի շենքը պայթեցվեց ավելի քան երկու ժամ նախատեսվածից ուշ: Ըստ ԱԻՆ-ի` ուշացման պատճառն էին պայթուցիկի հետ կապված տեխնիկական խնդիրները: